Քաղաքականություն 

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին ընտրակաշառք չեն առաջարկել

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելուց հետո ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, խոսելով սեպտեմբերի 22-ին ԲՀԿ շտաբում տեղի ունեցած ստուգումների մասին և անդրադառնալով հարցին, թե ինչ է հայտնաբերվել ստուգումների արդյունքում, հայտարարեց, որ ոստիկանության բոլոր գործողությունները եղել են օրենքի շրջանակներում: Իսկ մնացածի մասով Ոստիկանապետն ասաց, որ ընթացքի մեջ են աշխատանքները, դրանց մասին տեղյակ կպահվի:

Օսիպյանն արձագանքեց նաև Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ առաջին համար Նաիրա Զոհրաբյանի այն մեղադրանքին, թե ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին՝ նշելով, թե դա վերջինիս երևակայության արդյունքն է. «Ոստիկանությունը տիրապետում է օպերատիվ իրավիճակին ողջ Հայաստանի Հանրապետությունում, և ցանկացած ահազանգ, ցանկացած գրառում օգտատերերի կողմից, ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրում է: Եթե մենք հանցագործության մասին ահազանգ ենք ստանում, պետք է չգնա՞նք, դրա հետքերով»:

Խոսելով ընտրակաշառքի դեպքերի մասին՝ Ոստիկանապետը նշեց, որ մի քանի քրեական գործ կա հարուցված, դրանք ընթացքի մեջ են, համապատասխան վարույթ է իրականացվում:

Հարցին, թե որ քաղաքական ուժերն են ընտրակաշառք բաժանել, Ոստիկանապետը չասաց՝ նշելով, որ չի ցանկանում իր ասածը քարոզչություն կամ հակաքարոզչություն լինի:

Ոստիկանապետ Վալեիյ Օսիպյանը հավատում է, որ սրանք լինելու են մաքուր ընտրություններ:

Լրագրողի այն հարցին, թե իրեն ընտրակաշառք առաջարկել են արդյո՞ք, Ոստիկանապետը ժպիտով պատասխանեց՝ նշելով, որ դա անտրամաբանական է համարում, իսկ ինքը քվեարկել է հանուն երեխաների և բոլոր հայերի մայրաքաղաք Երևանի:

 

 

Նույն շարքից