Հասարակություն 

Պետք է օրենքով արգելվեն եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը. Շարմազանով

Քաղաքական ակտիվ թոհուբոհի մեջ այսօր խոսելու եմ շատ ավելի կարևոր խնդրի մասին: Իմ քաղաքական գործունեության ողջ ընթացքում և՛ երեկ, և՛ այսօր կարևորել եմ մեր երկրի ազգային ու հոգևոր նկարագրի և արժեհամակարգի պահպանման անհրաժեշտությունը՝ արձանագրելով հատկապես վերջին ժամանակներում հրապարակ նետված այն բացահայտ մարտահրավերները, որոնք ուղղակի հարվածում են Հայաստանի հանրապետության ազգային անվտանգությանը:

Մասնավորապես՝ վերջին ժամանակներում ի հայտ են եկել գործիչներ, որոնք հրապարակային փորձում են ներմուծել արժեքներ՝ վտանգելով մեր ազգային նկարագիրը, քրիստոնեական արժեքները:

Մեր պատմության վերջին 2000 տարվա ընթացքում հայ ժողովրդի հոգևոր, ազգային և բարոյական արժեհամակարգի կերտման և պահպանման գործընթացում անուրանալի է Հայ Առաքելական եկեղեցու դերը : Վերջին շրջանում հայտնի քաղաքական փոփոխությունների արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որի հետևանքով ոմանց կողմից հարցականի տակ է դրվում Հայոց եկեղեցու բացառիկ առաքելությունը:

Հարկ եմ համարում հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու`որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Ավելին, Հայաստանի Հանրապետության և Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: Սահմանադրության  համատեքստում հանրային իշխանությունը` որպես ՀՀ Սահմանադրության նորմերի կիրառման հիմնական երաշխավոր, պետք է կրի որոշակի պոզիտիվ պարտականություններ սահմանադրական և ազգային-հոգևոր ինստիտուտի կարգավիճակ ունեցող Հայոց եկեղեցու անվտանգության և Սահմանադրությամբ նախատեսված դերի և գործառույթների բնականոն իրացման և ապահովման համար:

Վերջին շրջանում մեր եկեղեցու դեմ որոշ խմբերի կողմից սանձազերծած գործողությունները վտանգում են եկեղեցու սոցիալական և ազգային-հոգևոր բացառիկ կարգավիճակը և պարունակում եկեղեցու նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու ներուժ: Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ ստեղծված իրավիճակին իշխանության հանձնառությունները գերազանցապես կրում են պասիվ բնույթ:

Մինչդեռ իր հոգևոր և ազգային իրավասության շրջանակներում Հայոց եկեղեցու բնականոն և անվտանգ գործունեության ապահովման հարցում պետության դերակատարման հարցը մնացել է բաց: Նման իրավիճակը պարարտ հող է ստեղծում եկեղեցու անվտանգության և հանրային կարգավիճակի նկատմամբ ոտնձգությունների համար`վկայակոչելով խոսքի, հավաքների և խղճի ազատության իրավունքները:

Հաշվի առնելով այս ամենը` գործընկերներիս հետ որոշել եմ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ «Հավաքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ իրականացնել:

Ըստ այդմ, առաջարկում եմ օրենքում հստակորեն սահմանել, որ Հայոց եկեղեցուն պատկանող պաշտամունքային շինություններում և դրանց հարող տարածքում արգելվում է կազմակերպել և անցկացնել եկեղեցու և նրա ծիսակարգի կամ դավանաբանության դեմ հավաքներ: Ավելին, օրենքով տուգանք սահմանել, ինչպես վերոնշյալ հավաքների անցկացման համար, այնպես էլ նրանց նկատմամբ, ովքեր կիրականացնեն եկեղեցու, նրա ծիսակարգի, հոգևոր ներկայացուցիչների նկատմամբ ծաղրական կամ վիրավորական գործողություններ` ներառյալ եկեղեցական պատարագների և այլ ծեսերի ընթացքը խոչընդոտելը:

Հատուկ մարդու իրավունքների պաշտպանության «մարտիկների» համար նշեմ, որ առաջարկվող փոփոխությունները համահունչ են միջազգային պրակտիկային: Նման համաձայնագիր կա Սուրբ Աթոռի և Իտալիայի միջև, որի համաձայն՝ կաթոլիկ եկեղեցու դեմ ցանկացած ոտնձգություն պատժելի է, և Իտալիայի կառավարությունն իրավասու է միջամտել և պատասխանատվության ենթարկել իրավախախտներին, ինչպես նաև համապատասխանաբար ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների հանրային հեղինակությունը նսեմացնող և հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորող արարքների համար բավականին խիստ իրավական կառուցակարգեր են գործում թե՛ Ռուսաստանում և թե՛ Եվրամիության անդամ Լեհաստանում:

Համոզված եմ, որ այս փաթեթի ընդունման դեպքում Հայոց Սուրբ եկեղեցին և նրա միջոցով մեզ փոխանցված քրիստոնեական, ազգային-ավանդական արժեհամակարգը պաշտպանված կլինի։

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանով

Նույն շարքից