Երևանի նոր ավագանիում Իմ քայլը դաշինքը կունենա 54 մանդատ, ԲՀԿ-ն՝ 6, Լույս դաշինքը՝ 5: Թեպետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հրաժարվեց ներկայացնել, թե որ քաղաքական ուժը քանի մանդատ կունենա Երևանի նոր ավագանիում, ամեն դեպքում ասաց, որ կա բանաձև, որի օգնությամբ յուրաքանչյուրը կարող է հաշվել, թե ուժերից որը քանի անդամ կունենա: Հենց այդ բանաձևի միջոցով էլ պարզ են դառնում վերոնշյալ թվերը:
Նշենք, որ Երևանի նոր ավագանիում լինելու է երեք ուժ՝ Իմ քայլը դաշինքը՝ 81 տոկոս, ԲՀԿ-ն՝ 7 տոկոս և Լույս դաշինքը՝ 5 տոկոս: Լույս դաշինքը չի հաղթահարել անցումային շեմը, որը դաշինքների դեպքում 8 տոկոսն է, սակայն կլինի նոր ավագանիում, քանի որ այնտեղ պետք է առնվազն ներկայացված լինի 3 ուժ:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը: Հետևաբար` նորընտիր ավագանու առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 10-ին: Հենց այդ օրն էլ Հայկ Մարությանը կստանձնի Երևանի քաղաքապետի պաշտոնը: