Ազատության հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ-ում արած հայտարարությանը, որ Հայաստան վերադառնալուց հետո պատրաստվում է քննարկումներ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացնելն արագացնելու համար, հայտարարել է, որ իրենք պատրաստ են ցանկացած քննարկման:
Բաղդասարյանն ամեն դեպքում նշել է, որ իրենք էլ քննարկելու են Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցերը՝ հավելելով, թե մինչև ընտրությունները պետք է բարելավել ընտրական օրենսգիրքը. «Ինձ թվում է, որ մենք ավելի կարևոր գործեր ունենք անելու, քան արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը»:
Լրագրողի ճշտող հարցին, թե իրենք չեն բանակցելո՞ւ վերոնշյալ թեմայով, Բաղդասարյանը նշել է, որ դրա մասին կմտածեն, երբ առաջարկ լինի. «Մենք աշխատում ենք ԸՕ-ի վրա, երբ այն կհասցվի ավարտուն տեսքին, կխոսենք այդ մասին: Մենք հիմքեր, անհրաժեշտություն չենք տեսնում նոր խորհրդանական ընտրությունների համար»: