Հայաստան Քաղաքական 

Մեր ժողովուրդը գիտի թացը չորից տարբերել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գտնվում է Նյու Յորքում, ԱՄՆ-ից մեկնելու է Դուշանբե, որպեսզի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին, որտեղից էլ կվերադառնա Երևան: Այս մասին վարչապետը քիչ առաջ հայտնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

Խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին, Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր դիտորդներին, վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին, ովքեր ապահովել են ընտրությունների բնականոն ընթացքը:

Վարչապետը հատուկ շնորհակալություն հայտնեց նաև ոստիկանությանը. «Ինձ ասել են, որ ընտրությունների ընթացքում լուրջ միջադեպեր չեն գրանցվել, ինչը շատ կարևոր է: Ես ներկա չեմ եղել, սակայն ասուլիսներից, հարցազրույցներից հասկանում եմ, որ երեկ ամեն ինչ խաղաղ է եղել: Ընտրարշավները ժողովրդավարական երկրներում պետք է կրքոտ, էներգիայով, քննադատություններով լեցուն լինեն, դա նորմալ է: Բայց դրանք պետք է լինեն օրինականության և փոխադարձ հարգանքի շրջանակներում: Այս ընտրարշավի ժամանակ եղան մեղադրանքներ, մտահոգություններ, որոնք հիմնականում արդարացված են: Պետք է նոր մշակույթը կարողանանք ներդնել: Սրությունները չպետք է բերեն անձնական բնույթի վիրավորանքների»:

Վարչապետի խոսքերով, վերոնշյալն այն կարևորագույն խնդիրներից մեկն է, որը խորհրդարանական ընտրություններից առաջ պետք է լուծել. «Մեր հարաբերությունները, քննադատությունները պետք է հիմնվեն փաստերի վրա, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա թացը չորից տարբերել: Ամեն դեպքում այս ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը գիտի թացը չորից տարբերել, գիտի իշխանությունն իր ձեռքը վերցնել և այն իր ձեռքում պահել»:

 

Նույն շարքից