Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ուղիղ միացմամբ խոսել է նաև Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների և իշխանության վարկանիշի մասին։
«Այսօր շատ հասկանալի կասկածներ են հնչում, ասում են հիմա ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իշխանությունը վստահության մեծ ռեսուրս ունի, այսինքն ակնարկում են, որ հիմա նույնիսկ իշխանությունը կեղծելու կամ վարչական ռեսուրս օգտագործելու կարիք չունի։ Այ ինչ կլինի, երբ որ այսպես ասած վարկանիշային թվերը փոխվեն և իշխանության վարկանիշը ցածր լինի, պատասխանը հետևյալն է՝ եթե իշխանության վարկանիշը ցածր լինի, իշխանությունն այլևս չի լինի իշխանություն։
Եկեք մոռանանք ընդհանրապես այդ թեման, որ Հայաստանում որևէ մեկը լցոնումներ է անելու, վարչական լծակներ է օգտագործելու ժողովրդից իշխանությունը խլելու համար։ Ավելի լավ է գետինը մտնենք, քան ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք, լցոնումներ անենք, կրիմինալին օգտագործենք, վարչական ռեսուրս օգտագործենք։ Ըստ էության, դա կնշանակի, որ մենք հակասում ենք մեր կյանքի ողջ գործունեությանը և աննպատակ և անիմաստ ենք դարձնում մեր քաղաքական գործունեությունը։
Անընդհատ մեզ մոտ փաստարկներ են ի հայտ գալիս, որոնք պիտի նպաստեն հոռետեսության կանխավարկածի տարածմանը։ Ես իհարկե հասկանում եմ, որ աչքը տեսածից է վախում, բայց կարծում եմ, որ մեր աչքը հիմա արդեն տեսնում է բաներ, որոնցից ոչ թե պետք է վախենա, այլ որոնցից պետք է հպարտանա։