Քաղաքական 

Քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ Վարչապետ

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ուղիղ միացմամբ շնորհավորեց Իմ Քայլը դաշինքի առաջին համար Հայկ Մարությանին և թիմի բոլոր անդամներին, ցանկանալով նրանց ժողովրդահաճո և արդյունավետ գործունեություն․ «Ես ոզում եմ շնորհավորել նաև Բարգավաճ Հայաստանին, ով նույնպես մաս կկազմի Երևանի ավագանիում, շնորհավորել նաև Լույս դաշինքին, ովքեր նույնպես ընդգրկված կլինեն Երևանի ավագինում։

Տեղեկացա նաև, որ դիտորդները նույնպես շատ լավ ու բարձր են գնահատել ընտրությունների ընթացքն ու արդյունքները, բայց կարծում եմ, որ մենք պետք է շատ ուշադիր հետևենք դիտորդների դիտողություններին, առաջարկություններին, որովհետև մեր ընտրական համակարգն իսկապես պետք է հասցնենք բարձր մակարդակի։

Երևան վերադառնալուց հետո ես կհրավիրեմ խորհրդակցությունների, որպեսզի տեսնենք, թե ինչպես և ինչ ժամկետներում ենք հասնում արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև այսպես ասած քաղաքական անորոշությունները, ըստ էության, արգելակում են նաև մեր տնտեսությունում նոր ներդրումների ներգրավումը և ընդհանրապես կարծում եմ, որ այս ընտրությունները նաև ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որ այսօր գործում է, ըստ էության չունի գործելու մանդատ, որովհետև խորհրդարանական ուժերը միասին վերցրած շատ քիչ ձայն հավաքեցին, համենայն դեպս ոչ այնքան ձայն, որը կարելի էր բավարար համարել խորհդարանում գործունեությունն այսպիսի կազմով շարունակելու համար։

Մեզ պետք է ժողովրդին հնարավորություն տալ, որ նրանք նոր ընտրությամբ լիազորեն իրենց ցանկացած ուժերի, որպեսզի նրանք ձևավորեն խորհրդարանական մեծամասնություն, ընտրեն վարչապետ և ի վերջո հայաստանյան կյանքը, հայաստանյան քաղաքական պրոցեսները լիարժեք կենտրոնանան տնտեսական, սոցիալ-տնտեսական խնդրիների լուծման շուրջ»։

Նույն շարքից