Գիտություն Հասարակություն 

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվային: Անդրադառնալով կրթության բնագավառում Բուլղարիայի հետ հարաբերությունների զարգացմանը՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է համագործակցության խորացմանն  ուղղված գործնական քայլերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2016-2022 թվականների համագործակցության մասին» ծրագրին, որի ստորագրումը նախատեսվում է առաջիկա ամսվա ընթացքում:

Զրուցակիցների հավաստմամբ՝ ծրագիրը նոր թափ կհաղորդի հայ-բուլղարական կրթական հարաբերություններին, մասնավորապես,  միջբուհական համատեղ նախագծերի իրականացման և կրթաթոշակների փոխանակման գործընթացում:

Իր հերթին դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվան ևս կարևորել է համագործակցության նոր ծրագրի ստորագրումը՝ հույս հայտնելով, որ այն կրթության ոլորտում երկու երկրների միջև զարգացման նոր հեռանկարներ կբացի:

Միաժամանակ անդրադառնալով Հայաստանում բուլղարերենի դասավանդմանը՝ նա ընդգծել է, որ Երևանի պետական համալսարանի և Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի հետ համապատասխան նախագծեր են իրականացվում, սակայն բուլղարերենի դասավանդման արդյունավետության բարձրացման խնդիրն առկա է:

ԿԳ նախարարն իր հերթին նշել է, որ օտար լեզուների դասավանդման զարգացումը կրթության համակարգի առաջնահերթություններից է, և այդ համատեքստում անդրադարձ կկատարվի նաև բուլղարերենի դասավանդման խնդիրներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև գիտության ոլորտին, մասնավորապես, «Հորիզոն-2020»-ի շրջանակում համագործակցության հնարավորություններին:

Նույն շարքից