Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր Երևանի ավագանու ընտրություններում քվեարկել է իրենց օգտին:
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովհաննիսյանը շնորհավորեց Երևանի ավագանու ընտրություններում հաղթող ուժին և քաղաքապետ Հայկ Մարությանին՝ հաջողություն մաղթելով նրան և նշելով, որ տեղի են ունեցել արդար ու ազատ ընտրություններ:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու կուսակցությունն այսքան քիչ ձայն ստացավ ընտրություններին, Հովհաննիսյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկում էին միասնական ցուցակով մասնակցել ավագանու ընտրություններին, սակայն դա տեղի չունեցավ, դրա համար իրենք մասնակցեցին առանձին՝ հավելելով, որ հետհեղափոխական իրավիճակում իրենց ոչ բոլոր ընտրողները գնացին ընտրատեղամասեր: Երևանի քաղաքապետի թեկնածուի խոսքերով, հիմա բոլոր ուժերը պետք է վերլուծություններ անեն, համապատասխան որոշումներ կայացնեն և պատրաստվեն նոր քաղաքական զարգացումներին:
Երևանի ավագանու ընտրություններում Ժառանգություն կուսակցության առաջին համարը, խոսելով իրենց հետագա քայլերի մասին, նշեց, որ իրենք շարունակելու են գործել քաղաքական դաշտում և մասնակցելու են կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնց անհրաժեշտությունն իրենք տեսնում են և ինչը պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ: