Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու ընտրություններում Ժառանգություն կուսակցության առաջին համար Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով այն մասին, թե կա արդյո՞ք, վտանգ, որ Հայաստանում միակուսակցական համակարգ կլինի և Հանրապետական կուսակցությանն ուղղակի կփոխարինի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, նշեց, որ նման վտանգ չի տեսնում, բայց մտահոգ է, որ որոշ շրջանակներ ուզում են տանել իշխող ուժն այդ ուղղությամբ. «Ես չեմ ուզում, որ դա լինի այս հրաշալի վերելքի վախճանի սկիզբը: Ուզում եմ, որ սա տարբերվի նախորդներից: Հիշեք, թե մեր բոլոր իշխանությունները՝ 91-ից սկսած, ուր են հիմա այդ լծակներն ունենալուց հետո» :
Հովհաննիսյանը նշեց, որ ազգահավաք իմաստասիրությունը, որը մինչև հիմա հաղթել է, պետք է ունենա շարունակություն և ինքն ուզում է, որ այն տարբերվի նախորդներից:
Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետներին, Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչը նշեց, որ կողմնակից է ընտրությունները որքան հնարավոր է շուտ անցկացնելուն, սակայն ամենաիրատեսականը կամ այս տարվա վերջն է կամ հաջորդ տարվա սկիզբը: Նրա խոսքերով, պետք չէ մոռանալ ԸՕ փոփոխությունների մասին, արհեստականորեն արագացնել գործընթացը, սակայն պետք չէ թողնել նաև վերջին օրվան, պետք է լինի ոսկե միջինը: