Կառավարության աշխատակազմի նախկին աշխատակից Նարե Գրիգորյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ հայտնել էր, որ Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանն իրեն ազատել է աշխատանքից։
Analitik.am-ի հետ զրույցում տիկին Գրիգորյանը ներկայացրեց իր պատմությունը՝ հայտնելով, որ իրեն ստիպել են աշխատանքից ազատվելու դիմում գրել:
«Ես Կառավարության աշխատակազմում՝ Գործերի կառավարչության բաժնում, որպես ավագ գործավար սկսել եմ աշխատել 2016 թվականից: Հեղափոխությունից հետո կարելի է ասել հիմնարկն «ինքնամաքրվեց», այսինքն շատերը հասկացան,որ նոր նշանակումների հետ լեզու չեն գտնի և իրենց կամքով դուրս եկան աշխատանքից, իսկ իմ նման շարքային աշխատող անճարները, ովքեր եկամուտի ուրիշ աղբյուր չունեն մնացին և շարունակեցին աշխատել: Խնդիրը նրանում է, որ իմ անմիջական պետ նշանակվեց այնպիսի մարդ, ով սկսեց անտեսել աշխատանքային օրենսգիրքը և դրա կանոններն ու պահանջները»:
Նարեի խոսքերով, Վահան Պապիկյանը, ով իրենց աշխատակազմի ղեկավարն է, արհամարհում է բոլոր աշխատողներին․ «Հեղափոխությունից հետո աշխատակազմի ղեկավար էր նշանակվել Գևորգ Աճեմյանը, ով պրոֆեսիոնալ էր իր գործում, սակայն վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացավ համացանցում՝ իրեն կապելով աղանդավորական շարժումների հետ: Չգիտեմ դա էր պատճառը, թե ոչ, բայց այդ ամենից հետո նա հրաժարական տվեց և իր փոխարեն եկավ Վահան Պապիկյանը՝ ներկայիս պետը։
Ներկայիս պետը, դեռ մեր հետ նորմալ չծանոթացած, սկսեց միանգամից սուր քննադատություններ անել, ասելով, որ այս բաժնում «բարդակ» է: Ամեն առավոտ, նա բոլորիս ասում էր, որ շնորհակալ լինենք, որ մեր նմաններին գործից չի ազատում և փոխարենն իր մարդկանց բերում: Ես համացանցում աղմուկ չեմ բարձրացրել, որ ինձ ետ ընդունեն աշխատանքի, ինձ իրենց ողորմությունը պետք չէ, ուղղակի վրդովվեցի, որ իմ իրավունքները ոտնահարվեցին, իսկ միակ նպատակս այն էր, որ ինձանից հետո իմ ընկերների գլխին էլ նույն խաղը չխաղան»,-ասաց Նարեն։
Մեր այն հարցին, թե Նարեն իր գրառման մեջ ստիպել ասելով ի՞նչ նկատի ուներ, նա պատասխանեց. «Հոգեբանական ճնշման մասին է խոսքը՝ այսինքն ամեն օր անհնար էր լսել՝ անգրագետ եք, անուղեղ եք, ոչնչից տեղյակ չեք, անճար եք խոսքերը: Երկու ամիս մեզ նսեմացնելով և մեր ինքնագնահատականը ցածրացնելով աշխատելն ուղղակի անհնար էր: Ես Պապիկյանին ասել եմ, որ աշխատանքային օրենսգրքով սա է նախատեսված, իսկ նա դրանից վրդովվելով՝ ինձ պատասխանում է, որ այնպիսի բաներ ինձ դեմ կտա, այնպիսի հանձնարարություններ կտա, որ 2 օրում այստեղից դուրս կթռնեմ՝ ասելով, թե ի՞նչ է նշանակում օրենքից խոսելը, այդ ի՞նչ հանրապետական խաղեր ես տալիս»:
Նարեն անդրադաձավ նաև իր գրառման մեջ արված Վահան Պապիկյանի խոսքերին, ով ասել էր՝ դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով.«Երբ Պապիկյանն ամենախիստ տոնով և բարձր ձայնով ինձ նկատողություն էր անում և անընդհատ դժգոհում էր, որ ես երեկոյան ժամերին չեմ մնում այնքան, մինչև ինքը թույլ տա, որ ես գնամ տուն, ես որոշեցի գնալ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մոտ, որպեսզի խորհուրդ հարցնեմ և խնդրեմ Պապիկյանին բարեխոսի, որ ես անչափահաս երեխա ունեմ և ինձ ժամը 6-ին թողնի գնամ տուն: Աղաջանյանը շատ հանգիստ տոնով ասեց, որ անպայման կխոսի Պապիկյանի հետ, բայց նա ոչինչ չի ասել այդ մասին: Փոխարենը Պապիկյանն ինձանից իմացավ, որ ես գնացել եմ Աղաջանյանի մոտ, ահավոր վրդովվեց և ասաց՝ դու ով ես, որ իմ վրա բոչկա գլորես, իմ գլխի վրայով թռնողներն իրավունք չունեն այս շենքում աշխատել: Իսկ նախկինում իմ անմիջական պետերի հետ ժամերի խնդիր չեմ ունեցել, ես ունեի ֆիքսված աշխատաժամ»:
Նարեի պնդմամբ, Գործերի կառավարչությունում բոլոր աշխատողները ցինիկ և արհամարհական վերաբերմունքի են արժանանում, սակայն վախից լռում են. «Ես չեմ ասում, որ ինչ-որ անձնական հաշվեհարդարի խնդիր կա, վախենում են, որովհետև կարող են աշխատանքը կորցնել: Ըստ Պապիկյանի, չի կարելի գնալ և որևէ մեկի մոտ բարձրաձայնել որևէ խնդիր, դա կոչվում է, որ մենք իրեն թիկունքից հարվածում ենք, նա դա այդպես է ընկալում: Աշխատակազմի ղեկավարի գործառույթների մեջ մտնում է իր աշխատակազմը ղեկավարելը, և ես այդ աշխատակազմի փոքրիկ մասնիկն էի կազմում, ինձ կարող էին խորհուրդ տալ կամ ուղղորդել, բայց ոչ թե ցավագին ընդունելով աշխատանքից ազատել։
Այս խնդրի մասին ոչ մի տեղ չեմ դիմել և չեմ էլ պատրաստվում դիմել, միայն աշխատանքից ազատվելուց հետո վրդովված եկա և իմ ֆեյսբուքյան էջում գրառում կատարեցի: Նպատակ ու ցանկություն չունեմ իմ հին աշխատանքին վերականգնվել, եթե անգամ ինձանից ներողություն խնդրեն, որովհետև իրենք աշխատել չեն կարողանում»:
Analitik.am-ը զրուցեց նաև վարչապետի աշխատակազմի Գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի հետ, ով հերքեց Նարե Գրիգորյանի արած հայտարարությունները:
Օֆելի Իսրայելյան