Վերջերս Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հաղորդագրությանը՝ Արցախում մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ուսումնամարզական շրջաթռիչքներ իրականացվելու մասին: Հարևան երկրի ղեկավարությունը դա սադրանք է համարել և նշել, որ խոցելու է ցանկացած օդային միջոց, որը կմոտենա առաջնագծին:
Analitik.am-ի հետ զրույցում ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց. «Ես կարծում եմ, որ դա իր էությամբ ահաբեկչական հայտարարություն է, որովհետև մենք երբևիցե մեր զորավարժությունների ժամանակ չենք հատել պետական սահմանը և դա փաստ է: Մենք ոչ թե վախենում ենք Ադրբեջանից կամ այդ հնարավորությունը չունենք, ասեմ, որ իհարկե ունենք այդ համարձակությունը, բայց այսպիսի ահաբեկչական պահվածքը մեզ խորթ է, մենք երբևիցե նման քայլերի չենք դիմել: Կրկնում եմ՝ ահաբեկչությունը որպես այդպիսին դեմ է մեր աշխարհընկալմանն ու քաղաքակրթությանը:
Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, ասեմ, որ դա իրոք ահաբեկչություն է, որովհետև իրենք են միշտ փորձում խախտել զինադադարի ռեժիմը և ներթափանցել մեր օդային կամ ցամաքային տարածք, իհարկե, ստանալով համարժեք պատասխան»:
Մեր հետ զրույցում Դավիթ Բաբայանն ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանն ասաց. «Մեզ այդ հայտարարությունը չի վախեցնում, մենք շարունակելու ենք իրականացնել զինավարժությունները հիմա, հետո և ընդմիշտ, ինչպես նաև կասեցնելու ենք հակառակորդի ահաբեկչության և ագրեսիայի ցանկացած փորձ»:
Հարցին, որ տարիներ առաջ Արցախում զորավարժության ժամանակ ինքնաթիռ է խոցվել, որի արդյունքում ունեցել ենք 3 զոհ, նման միջադեպի սպառնալիք կա՞ արդյոք, Բաբայանը պատասխանեց. «Սպառնալիքներ միշտ էլ կան, որովհետև մենք գործ ունենք ահաբեկիչների հետ, իսկ Ադրբեջանը որպես այդպիսին ահաբեկչական երկիր է, բայց դա չի նշանակում, որ դրա հավանականությունը մեծ է: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի զորավարժություններն ընթանան բնականոն ձևով և որ չլինի անսպասելի որևէ զարգացում: Ամեն ինչ անելու ենք, որ զինծառայողների և նախատեսված ծրագրերի անվտանգությունն ապահովենք»:
Իսկ մեր այն հարցին, թե ինչ փոփոխություն է լինելու զորավարժությունների մեջ, Բաբայանը պատասխանեց, որ առհասարակ ոչ մի փոփոխություն չի լինելու և զորավարժություններն ընթանալու են ըստ նախատեսված պլանի:
Օֆելի Իսրայելյան