ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի ուղեկցությամբ սեպտեմբերի 25-ին այցելել է Բրեստի ամրոց-հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Բրեստի ամրոցի պաշտպանության համար զոհված խորհրդային զինվորի հիշատակին:
Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է նաև Բրեստում տեղադրված հայ զինվորների հիշատակին նվիրված խաչքարին ու հարգանքի տուրք մատուցել:
Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է. «Հայրենական պատերազմի առաջին օրերից տասնյակ հազարավոր հայ զինվորներ մեկնեցին ռազմաճակատ՝ պաշտպանելով մեր ընդհանուր հայրենիքը ֆաշիզմից: Վեց հարյուր հազար հայ զինվորներից ավելի քան երեք հարյուր հազարը ռազմաճակատից չվերադարձան: Նրանցից շատերը զոհվեցին Բելառուսի ազատագրման ժամանակ: Պաշտպանելով Բրեստը և Մինսկը՝ նրանք պաշտպանում էին նաև Երևանն ու ողջ Հայաստանը: Հավերժ փառք նրանց հիշատակին»:
Նշենք, որ Բելառուսի ազատագրման «Բագրատիոն» ռազմական գործողության ղեկավարներից մեկը հռչակավոր հայ զորավար մարշալ Հովհաննես Բաղրամյանն էր: