Սեպտեմբերի 25-ից 27-ը Բաքվում անցնելու է Ադրբեջանական III միջազգային պաշտպանական ADEX 2018 ցուցահանդեսը, որում ներկայացվելու են 32 երկրից ավելի քան 200 կազմակերպություններ: Ռուսական TASS պարբերականը հրապարակել է ծավալուն հոդված՝ նվիրված ՌԴ-ի և Ադրբեջանի ռազմական համագործակցությանը: Ներկայացնում ենք հոդվածի հիմնական մասերը:
Նախ նշվում է, որ ՌԴ-ն այդ ցուցահանդեսի ավանդական մասնակից է, որից Ադրբեջանը գնում է ռազմական տեխնիկա. «Այս տարի էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը ՌԴ-ից գնել է ավելի քանի 5 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով ռազմական տեխնիկա և այդ թիվը դեռ մեծանալու է:
Խաղաղության խնդիրների հետազոտության ստոկհոլմյան ինստիտուտի տվյալներով, 2006-2016 թվականներին Ադրբեջանի կողմից ներմուծված պաշտպանական ապրանքների 22 տոկոսը ՌԴ-ից է: ԽՍՀՄ փլուզումից հետո մինչև 2005 թվականը ՌԴ-ն Ադրբեջանին զենք չի մատակարարել»,- ասվում է հոդվածում:
Նշվում է նաև, որ 2009 -ին կնքվել է պայմանագիր՝ С-300 հրթիռային համակարգի երկու դիվիզիա մատակարարելու շուրջ՝ 300 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ.
«2010-2011-ից Ադրբեջանին մատակարարվել է վերոնշյալ պատվերը: 2009 թվականին կնքված պայմանագրերի համաձայն, ադրբեջանական կողմը 2013-2018 թվականներին ՌԴ-ից ստացել է նաև ցամաքային զորքերի համար նախատեսված նոր սերնդի մեծ քանակությամբ զենքեր.
• 100 Т-90С տեսակի տանկեր •
118 БМП-3 տեսակի մարտական մեքենաներ
• 230 БТР-82А տեսակի զրահամեքենաներ փոխադրողներ
• 166 հրետանային համակարգեր»:
Փորձագետները նշում են, որ այդ պայմանագրերի փաթեթի արժեքը կազմել է մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլար: Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության ռուսական կենտրոնի փորձագետների համոզմամբ, այդ փաթեթի մեջ են մտել նաև երկու"Хризантема-С" տեսակի հակատանկային ինքնագնաց հրթիռային համակարգ, 152մմ. տրամաչափի "Мста-Б" տեսակի բուքսիրային հաուբիցներ, 120մմ. տրամաչափի "Сани" տեսակի շարժական ականանետեր, ավտոմեքենաներ, ինժեներական սարքեր, БРЭМ-1М և БРЭМ-Л տեսակի վերանորոգող-էվակուացնող զրահապատ մեքենաներ, ИМР-3М տեսակի ինժեներական պաշտպանողական մեքենաներ և զինամթերք:
Այնուհետև հոդվածում մանրամասն ներկայացվում է, թե ռազմական համագործակցության մասին ինչ պայմանագրեր և համաձայնագրեր են ստորագրվել ՌԴ-ի և Ադրբեջանի միջև.
«2010-ին Ադրբեջանն առանձին պայմանագրով ՌԴ-ից ստացավ Ми-35М տեսակի 24 ռազմական ուղղաթիռ՝ սահմանապահ ծառայության համար (մատակարարվեց 2011–2013 թվականներին, արժեքը՝ 360 միլիոն ԱՄՆ դոլար) և Ми-17-1В տեսակի բազմաֆունկցիոնալ 71 ուղղաթիռ (40 միավոր ռազմաօդային ուժերի, 20 միավոր՝ սահմանապահ ծառայության, 6 միավոր՝ պետական պահպանության ծառայության և 5 միավոր Ներքին գործերի նախարարության համար): Այդ ժամանակ էլ կնքվեց պայմանագրերի փաթեթ, որով Ադրբեջանին պետք է մատակարարվեր հակաօդային պաշտպանության համակարգեր:
2011-2012 թվականներին Ադրբեջանը ստացավ 300 ականանետ սարքեր և "Игла-С" տեսակի շարժական զենիթահրթիռային համակարգի 1500 զենիթային հթիռներ:
2010 թվականի նոյեմբերին Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ստորագրվեց պայամանգիր, որի համաձայն ադրբեջանական կողմը ստացավ զենք թողարկելու արտոնագիր՝ մասնավորապես 2011–2021 թվականների ընթացքում 5,45մմ. տրամաչափի փամփուշտներով АК-74М տեսակի 120 հազար ինքնաձիգ հավաքելու հետ կապված:
2011-ին ստորագրված պայմանագրի համաձայն էլ ադրբեջանական БМП-1 և БМП-2 ավտոպարկերը մոդեռնիզացվեցին՝ դրանք համալրվեցին նոր "Бережок" տեսակի ռազմական հավելվածով և հակատանկային հրթիռային "Корнет-Э" համակարգով: Մոդեռնիզացիայի հետ կապված տեղեկություններ չկան, սակայն ռուսական կողմը մատակարարել է "Корнет-Э" տեսակի հրթիռները»:
Տարօրինակն այն է, որ վերոնշյալ հոդվածում նաև մանրամասն անդրադարձ է կատարվում 1997-ի հուլիսի 3-ին Ադրբեջանի և ՌԴ-ի միջև կնքված պայմանագրին.« ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ռազմա-տեխնիկական համագործակցությունը զարգանում է Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1997-ի հուլիսի 3-ին: Այդ պայմանագրի համաձայն, եթե կողմերից մեկի անվտանգության համար սպառնալիք կա , ապա կարող են անհետաձգելի քննարկումներ անցկացվել , ինչպես նաև կողմերը պարտավորվում են չմիջամտել այնպիսի իրավիճակներին՝ այդ թվում երրորդ պետության միջոցով, որոնք սպառնում են մյուս կողմի տնտեսական, ֆինանսական , ռազմական անվտանգությանը և միմյանց դեմ քայլեր չանել»,- մեջբերվում է ռուսական պարբերականի հոդվածում:
Վերջում էլ հիշատակվում են վերջին տարիներին ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կնքված ռազմական համագործակցության պայմանագրերը. «2003 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ստորագրվեց միձկառավարական համաձայնագիր՝ ռազմա-տեխնիկական համագործակցության հետ կապված: Դրանով նախատեսվում է.
• Ադրբեջանին ռուսական ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի մատակարարում
• ռազմական մասնագետների պատրաստում
• ռուս մասնագետների կողմից ադրբեջանական կողմի ռազմական տեխնիկայի մոդեռնիզացում, վերանորոգում, համալրում և ուտիլիզացիա
Ընդհանուր առմամբ Մոսկվայի և Բաքվի միջև կնքվել է թվով 40 համաձայնագիր՝ ռազմական համագործակցության վերաբերյալ»:
Ռուսական պարբերականում հրապարակված Մոսկվայի և Բաքվի միջև ռազմական համագործակցության այս մանրամասն նկարագրությունը, կարծում ենք, պարունակում է մեսիջներ, որոնք հայկական կողմը պետք է ընդունի ի գիտություն և որոշակի հետևություններ անի: