ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանի կարծիքով, սոցկայքերում կան ֆեյքեր, որոնք վարձատրվում են ինչ-որ մարդկանց, կառույցների կողմից և համապատասխան հանձնարարականով հարձակվում այն մարդկանց վրա, որոնց վրա հանձնարարում են իրենց տերերը. «Զոմբիներ են դիվանների վրա նստած՝ իրենց կեղտոտ սպարտիվկեքով, ոչ աշխատում են, ոչ ուղեղ ունեն»:
Սարգսյանը վստահ է, որ հարձակումները կազմակերպված են: Ինչ վերաբերում է հարցին, թե նախկին իշխանությունների ժամանակ չի եղել արդյո՞ք նման բան, Սարգսյանը նշեց, որ նախկին իշխանություններին ինքը երբեք չի պաշտպանել, միշտ նշել է նախկինների սխալները, չարաշահումները, որոնց արդյունքները հիմա բոլորն են տեսնում:
Սարգսյանի խոսքերով, թաց ու չոր խառնվել է իրար, հարձակումը կատարվում է բոլորի վրա. «Մի հատ բառ են լսում՝ ՀՀԿ, ու հարձակվում են: Կապ չունի, թե այդ մարդն ինչպես է ապրել, արժանի է արդյո՞ք այդ խոսքերին թե ոչ: Կամանդա ֆաս է լինում ու խաժամուժը հարձակվում է: Ինչ ուզում ես ասա, ուզում ես հասարակ բարև տուր մեկին, համապատասխան մեկնաբանությունները սկսվում են: Ես հաճույքով կպատժեի նրանց բոլորին»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ ՀՀԿ-ն էլ ֆեյքեր ունի, պատգամավորը հայտարարեց, թե թքել է այն ֆեյքերի վրա, որոնք ՀՀԿ-ի անունից քննադատում են ինչ-որ մեկին. «Ես թքել եմ այն ֆեյքերի վրա, ովքեր Հանրապետականի անունից քննադատում են ինչ-որ մեկին, ինձ մի խառնեք էս ամեն ինչին, ես դուրս եմ էս ամենից»:
Սարգսյանի խոսքերով, սխալ է, որ ինչ-որ մեկին հայհոյում են զուտ այն բանի համար, որ վերջինս հանրապետական է։