Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անդամ Քեյվան Խոսրավին հայտարարել է, որ Իսրայելի մեղադրանքն անգամ պատասխանի արժանի չէ: Ավելի վաղ իսրայելական իշխանությունները հայտարարել էին, որ Սիրիայում ռուսական ԻԼ-20 ռազմական օդանավի կործանման համար մեղավոր է նաև Իրանը:
«Բնականաբար մենք նշանակություն չենք տալիս Իսրայելի հայտարարություններին: Նման հայտարարությունները նույնիսկ պատասխանի կամ քննարկումների արժանի չեն: Կարծում եմ, որ այս մասով լավագույն մեկնաբանությունը տրվել է ռուսական իշխանությունների կողմից»,-հայտարարել է իրանցի պաշտոնյան:
Խոսրավին հավելել է, որ ռուսական կողմը մանրամասն ինֆորմացիա է ներկայացրել ողբերգության մասին և ասել, թե ով է մեղավորը:
Հիշեցնենք, որ 15 մարդու կյանք խլած միջադեպի մեղավոր ռուսական կողմը համարում է իսրայելական կործանիչներին, որոնք, Մոսկվայի պնդմամբ, մոլորության մեջ են գցել սիրիական ՀՕՊ-ին: