ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ հարցումների արդյունքում ստացված տեղեկատվության արդյունքում կազմվելու է այն անձանց նախնական ցուցակը, որոնք ենթակա են հրավիրման:
Կոստանյանի խոսքերով, յուրաքանչյուր փաստաթղթի ուսումնասիրության արդյունքում առաջանալու է այլ պաշտոնատար անձանց հրավիրելու անհրաժեշտություն: Խոսքը վերաբերում է հատկապես հեռախոսային խոսակցությունների գաղտնիության ապահովման և դրա համար պատասխանատու սուբյեկտներին, քանի որ դա վերաբերում է ազգային անվտանգությանը. «Մենք պետք է վստահ լիենք, որ ՀՀ-ում որևէ մեկը չի կարող ապօրինի գաղտնալսման զոհ դառնալ: Մենք ընդունելի համարեցինք նաև այն, որ քննարկման առարկա դարձնենք նախկինում տեղի ունեցած բոլոր ապօրինի գաղտնալսումները»:
Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ ինչ-որ փուլում հրավիրվելու են նաև ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այն դատավորը, ում մասին խոսվել է: