Հասարակություն Բարի օր 

«Զատիկ» մանկատան սաների խնդիրը լուծում չի ստացել. Նրանք նորից հացադուլ են հայտարարել

«Զատիկ» մանկատան շրջանավարտները ՀՀ կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 12-ից հացադուլ էին սկսել՝ իրենց հասանելիք տները ստանալու նպատակով: Analitik.am-ի հետ զրույցում մանկատան սաները նշել էին, որ որևէ մեկը կառավարության անդամներից կամ աշխատակիցներից չի մոտեցել իրենց, չի հարցրել, թե ինչ են պահանջում, հետևաբար հարցը լուծում չի ստացել։

Սեպտեմբերի 24-ին մանկատան սաներն իրենց ֆեյսբուքյան էջում հայտարարություն էին տարածել, որ նորից հացադուլ են հայտարարել:

Analitik.am-ի հետ զրույցում «Զատիկ» մանկատան սաներն ասացին, որ իրենք հացադուլը սկսել էին սեպտեմբերի 12-ին, որը տևել է 7 օր․ «Մենք հացադուլ էինք սկսել սեպտեմբերի 12-ից և պահանջում էինք այն բնակարանները, որն օրենքով պետք է տրամադրեին մեզ: Հացադուլը շարունակել ենք 7 օր, որից հետո մեզ մոտեցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ՝ Արսեն Մանուկյանը: Նրա հետ զրուցելուց հետո որոշեցինք դադարեցնել հացադուլը, քանի որ նա խոստացավ լուծել այս խնդիրը»,-ասաց Աշոտ Ղազարյանը:

Աշոտի խոսքերով, իրենց խաբել են և միայն դա է պատճառը, որ նորից հացադուլ են հայտարարել. «Խոսք էին տվել, որ մեզ կապահովեն բնակարանով, սակայն մեզ խաբեցին և մեր պահանջները չիրագործեցին: Իրենց հետ զրուցելուց հետո արդեն 5 օր անցել էր, սակայն նրանք ոչ մի քայլեր չէին ձեռնարկում, դրա համար էլ նորից սկսեցինք հացադուլը: Արդեն 2 օր է, որ նորից սկսել ենք հացադուլը և մեր ընկերներից Դավիթին շատ լուրջ առողջական խնդիրներով նորից հիվանդանոց են տարել և նա այնտեղից է հացադուլ անում»:

Աշոտի պնդմամբ, իրենք չեն դադարեցնի հացադուլն այնքան ժամանակ, մինչև իրենց հասանելիք բնակարանների խնդիրները չլուծվեն. «Եթե խնդրին լուծում տալը երկար գործընթաց է, թող գոնե ժամանակավոր ապաստարան տան, որ մենք դրսում չգիշերենք»։ Աշոտն ավելացրեց նաև, որ այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Մանուկյանն իրենց հետ հադիպում է ունեցել, ով նորից առաջարկել է դադարեցնել հացադուլը․ «Նա ժամանակավոր բնակարան էր առաջարկում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, սակայն ինչ-որ հարցեր հաշվի առնելով դեռ պատասխան չեմ ասել նրան»:

Մենք նաև զրուցել ենք Զատիկ մանկատան նախկին շրջանավարտներից Մելինե Պլանուկյանի հետ. «Այս պահին հացադուլ ենք անում, որովհետև ունենք բնակարանի խնդիր, բազմիցս դիմել ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, նրանք խոստացել են, որ կլուծեն այս հարցը, բայց ոչ մի լուծում  և պատասխան չենք ստացել: Ես ինքս 2 անգամ հանդիպել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Մանե Թանդիլյանի հետ։ Նա հանձնարարել է, որ իմ հարցին արագ լուծում տան, բայց մինչև օրս ոչ մի քայլ չի ձեռնարկվել»:

Մելինեի պնդմամբ, նա արդեն 13 տարի 4 ամիս պայքարում է իր բնակարանի համար, սակայն ապարդյուն. «Միայն ուզում եմ այդ անօրինական արարքները շտկվեն և ամեն մարդու տրվի իր հասանելիքը: Երևի բոլորս պետք է հետևենք մեր 7 ընկերների քայլին, ովքեր անօթևան լինելու պատճառով ինքնասպան են եղել»:

Մելինեն ավելացրեց նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց ներկայությամբ հանձնարարել է զբաղվել այս հարցով. «Հանձնարարելը շատ քիչ է, պետք է նաև հետևողական լինեն, որ մեր հարցերին լուծում տան: Ամեն օր մեր երեխաներից մեկը հիվանդանոցում է հայտնվում ու ինչ իմանանք այնտեղից հետ են գալու թե ոչ: Ընդամենն ուզում ենք, որ մեր հարցերին ուշադրություն դարձնեն, որովհետև մենք արդեն խոցելի խմբերին ենք պատկանում»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից