Քաղաքական 

ԱԺ պատվիրակությունը ճանաչողական այցով եղել է Մեծ Բրիտանիայում

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի ղեկավարությամբ ճանաչողական այցով սեպտեմբերի 15-22-ը եղել է Շոտլանդիայում և Ուելսում: Պատվիրակության կազմում են եղել ԱԺ բոլոր խմբակցություններից պատգամավորներ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության, ԱԺ բյուջետային գրասենյակի և խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:

Այցն իրականացվել է զարգացման գերմանական համագործակցության շրջանակում, Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ և Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրով, բրիտանական «Ուեսթմինսթեր հիմնադրամ հանուն ժողովրդավարության» կազմակերպության աջակցությամբ:

Հանդիպումները և քննարկումներն ընթացել են երեք հիմնական թեմաների շուրջ՝ խորհրդարանի և բարձրագույն աուդիտորական մարմնի փոխգործակցություն, հետօրենսդրական վերահսկողության փորձ և կարգավորումներ, խորհրդարաններում գործող բյուջետային գրասենյակների գործառույթներ ու լիազորություններ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել մի շարք խնդիրերի, որոնք հայկական կողմը նախապես ներկայացրել էր:

Գործուղման արդյունավետությունն ամփոփելով՝ պատվիրակութունը երեք թեմաների վերաբերյալ հանգել է կոնկրետ եզրակացությունների, որը ներկայացվում է ստորև.

Խորհրդարան-Բարձրագույն աուդիտորական մարմին փոխգործակցություն

Խորհրդարան-Բարձրագույն աուդիտորական մարմին փոխգործակցությունն արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է ստեղծել «Հաշվեքննության և աուդիտի» ենթահանձնաժողով և օրենսդրորեն կարգավորել Հաշվեքննիչ պալատի ընթացիկ հաշվետվությունների Ազգային ժողով ներկայացման նախատեսվող ժամկետները:

Հետօրենսդրական վերահսկողություն

Շարունակել և խորացնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և ՀՕՎ կայացած համակարգ ունեցող երկրների խորհրդարանների հետ, Հայաստանում միջազգային չափորոշիչներին համահունչ և արդյունավետ ՀՕՎ համակարգի մշակման և ներդրման նպատակով:

Բյուջետային գրասենյակ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի զարգացման տեսանկյունից կիրառելի կարող են լինել հետևյալ իրողությունները`

*ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակը տեղեկատվություն ստանալու նպատակով, ուղակիորեն դիմում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ևս,

*ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին տեղեկատվություն և մասնագիտական աջակցություն է տրամադրում ոչ միայն ներկայացված հարցումների հիման վրա, այլ նաև սեփական նախաձեռնությամբ (պրոակտիվ),

*ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին տրամադրում է տեղեկատվություն կառավարության կողմից հարկաբյուջետային կանոնների պահպանման վերաբերյալ, ինչի համար իրականացնում է մոնիթորինգ:

 

Նույն շարքից