Հասարակություն 

Տոնական միջոցառումներ Հայաստանի բնության պետական թանգարանում

Բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի են ունեցել տոնական միջոցառումներ՝ նվիրված անկախության հռչակման 27-ամյակին։ Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, իրանահայ բարերար Լևոն Ահարոնյանը, այլ հյուրեր։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Գնել Սանոսյանը հատկանաշել է թանգարանի դերը հասարակության տարբեր տարիքային խմբերի էկոլոգիական կրթության գործընթացում։ Փոխնախարարն Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ներկաներին և Հայաստանի քաղաքացիներին։

Տոնական միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել նաև թանգարանի առաջին սրահի վերաբացման արարողությունը։ Երկար ժամանակ սրահը չէր գործում վթարային լինելու պատճառով և այն վերանորոգվել է բարերար Լևոն Ահարոնյանի միջոցներով։

Բնապահպանության նախարարի տեղակալը գերատեսչության անունից շնորհակալագիր է հանձնել Լ․Ահարոնյանին՝ երկար տարիներ թանգարանին հետևողական աջակցություն ցուցաբերելու համար։

Ներկայացմամբ հանդես են եկել Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի սաները։

Տոների առիթով թանգարանում բացվել է «Բնության ներշնչանք» խորագիրը կրող ցուցահանդես:

Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը բնության հանդեպ սեր քարոզելու համար շնորհակալագրեր է հանձնել ցուցահանդեսի հեղինակ գեղանկարիչներին և միջոցառման այլ մասնակիցներին։

Նույն շարքից