Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀԿ-ի նախկին ջատագովների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու փորձերը, մի՞թե նախկին տխուր պատմությունը չի կրկնվի, երբ իշխող կուսակցությանն անդամագրվում էին ոչ թե գաղափարախոսության, ծրագրի, այլ իշխող համակարգում հարմարավետ դիրք զբաղեցնելու համար։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի օգոստոսյան հանրահավաքին Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի առջև Երևան հանրահավաքի մեկնողների մեջ տեսանք նաև այնպիսի դեմքերի, որոնք նույն ոգևորությամբ մասնակցում էին Սերժ Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի այցերին, ժամերով կանգնում էին արևի տակ՝ սպասելով երկրի առաջին դեմքերին։
«Դա կոնկրետ պետք է կանխի Նիկոլ Փաշինյանը, քանի որ հասարակությանը կուսակցականացնելով՝ հարց չի լուծվի։ Այդ առնետավազքով, կուսակցությունից կուսակցություն թռնելով՝ որևիցե հարց Փաշինյանը չի լուծի, դա կպախարակի իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հասարակության աչքին։
Էդ ինտրիգանտները, էդ աթոռի համար կյանք տվողները, բանսարկուները, որոնց մեծ մասը կանգնած է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակների առաջ, վաղը մյուս օր հենց իրենք էլ պիտի դառնան այն պայթուցիկը, որը դրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն նավի տակ։ Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանին երաշխավորում, որ մի քանի տարի հետո նրանք մեծ հաճույքով այլ X կուսակցության անդամ չեն դառնալու։
Սերժ Սարգսյանի «տունը» մի քանի ամիս կամ մի քանի տարի քանդեցին հենց դրանք, որոնք նախկինում երկրպագելով Սերժ Սարգսյանին և նրա «բեսպրեդելային» իշխանությանը՝ հիմա ակտիվորեն անդամակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Եվ դա ուղղակիորեն հենց իրենք պետք է կանխեն, իրենք պետք է ժողովրդին կոչով դիմեն, ասեն՝ հարգելիներս, պետք չէ կուսակցականանալ, դուք ընտրեք մեզ՝ առանց կուսակցության անդամ դառնալու, իմաստը ո՞րն է կուսակցության մեջ մտնելու։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում