Սեպտեմբերի 25-ից 26-ը Շիրակի մարզում տեղի ունեցավ քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական թիմի «INSARAG» 36 ժամյա դաշտային վարժանքը:
Ըստ վարժանքի սցենարի՝ ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2018 թվականի սեպտեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 06:50-ին գրանցվել է 15 կմ խորությամբ և 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Գառնի գյուղից 8կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կարող է կազմել 10-11 բալ:
ՀՀ ԱԻՆ Ճգնաճամային կառավարման ազգային կենտրոնի Շիրակի մարզային փրկարարական վարչություն ստացվել է ահազանգ ընդհանուր հավաքի վերաբերյալ և մարզային փրկարարական վարչության պետի հանձնարարականով իրականացվում է ազդարարում , ինչպես նաև Շիրակ ՔՈՓ թիմի անձնակազմի հավաք:
ԱԻ նախարարի հրամանով Գյումրի քաղաքային որոնողափրկարարական(ՔՈՓ) թիմը մեկնում է Երևան, տեղակայվում Վահագնի թաղամասում: Երևան քաղաքի որոնողափրկարարական աշխատանքների կառավարումը թիմը վերցնում է իր վրա՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանության կազմակերպման պլանը հաստատելու մասին» N 919-Ն որոշման:
Ըստ վարժանքի պլանի՝ Երևան քաղաքում տեղի է ունեցել 7,5 մագնիտուտ ուժգնության երկրաշարժ: Թիմը անցկացնում է նախնական խորհրդակցություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Ըստ ստացված տվյալների փլուզվել են 540 բազմաբնակարան շենքեր, 450 սեփական տներ, փլուզվել են Հաղթանակի, Կիևյան և Աշտարակի կամուրջները, նախնական հաշվարկներով զոհերի թիվը 95000 է, իսկ տուժածներինը մոտ 141000, փլուզվել են մի շարք հիվանդանոցներ և դպրոցներ: Հետախուզական թիմը հանդիպում է LEMA-ի հետ, և անձնակազմը մեկնում է աղետի գոտի:
Որոնողափրկարարական թիմը հատկացված տարածքում ծավալում է բազա, ղեկավարման վրան, ճաշարան, կազմակերպվում է շտաբի աշխատանքները, որոշվում են որոնողոփրկարարական աշխատանքների առաջնայնությունները և կատարվում է թիմի խնդրադրում, որից հետո թիմը տեղափոխվում է որոնողափրկարարական աշխատանքների տեղամասեր:
Առաջին տեղամասում երկրաշարժի հետևանքով վնասվել է շենքի աստճանավանդակը: 3-րդ հարկում կան 2 տուժածներ, որոնք չեն կարողանում իջնել: Թիմը իրականացնում է իրավիճակի գնահատում, որից հետո կատարում է ամրակապման , բարձրություններից տուժածների դուրս բերման (պարանային աշխատանքներ), առաջին բուժօգնության ցուցաբերման աշխատանքներ:
Երկրորդ տեղամասում շենքը մասամբ փլուզվել էր, առկա էին նեղ խորշեր, կար 2 տուժած: ՔՈՓ թիմի կողմից իրականացվում է պատի հորիզոնական մաքուր կտրում, մետաղի կտրում, փայտի կտրում, տուժածների դուրս բերում, տուժածների դուրս բերում եռոտանիով, առաջին բուժօգնության ցուցաբերում:
Երրորդ տեղամասում ամբողջությամբ փլուզվել է շինությունը, որտեղ՝ ըստ տեղեկությունների գտնվում էին 3 մարդ: Փրկարարների կողմից իրականացվեց բետոնյա հեծանի հեռացում, թիթեղի և գերանի կտրում, հորիզոնական պատի քանդում, վերևից մաքուր կտրման աշխատանքներ, տուժածների դուրս բերում և առաջին բուժօգնության ցուցաբերում:
Չորրորդ տեղամասում մասամբ փլուզվել է շինությունը, որտեղ գտնվում էին 3 մարդ: Թիմի կողմից այստեղ նույնպես իրականացվեց բետոնյա հեծանի հեռացում, հորիզոնական պատի քանդում, վերևից մաքուր կտրման, տուժածների դուրս բերման և առաջին բուժօգնության ցուցաբերման աշխատանքներ:
Բոլոր տեղամասերում քաղաքային որոնողափրկարարական թիմին հաջողվեց կատարել իր առջև դրված խնդիրները, որից հետո ազդարարվեց ուսումնավարժանքի ավարտը: