Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Երևանի թիվ 92 մանկապարտեզի տնօրեն Կարինե Հարությունյանը 10 հատուկ մանկավարժ է աշխատանքից հեռացրել՝ իբր իրենից ավելի բարձրերի համար կազմակերպված դրամահավաքներին չմասնակցելու և մանկապարտեզի ներսում տեղի ունեցող արատավոր երևույթները բացահայտելու համար։
Analitik.am-ը զրուցեց Կարինե Հարությունյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել իրականում: Հարությունյանը հերքեց վերոնշյալ տեղեկությունները՝ հայտարարելով, որ բացարձակապես անհիմն են մեղադրում. «Աշխատողների աշխատանքային պայմանագրերի ժամկետները լրացել են և նախքան լրանալը՝ 20 օր առաջ, նրանք տեղեկացվել են այդ մասին գրավոր ձևով: Նրանց աշխատանքից ազատելու ոչ մի ենթատեքստ, շարժառիթ և հետին միտք չի եղել: Նրանք փորձում են պղտորել ջուրը և տեղեկություններն էլ ոչ մի կապ չունեն իրականության հետ: Իրենց հետ աշխատանքային պայմանագրերը չեն վերակնքվել և աշխատակիցներից ոմանք, այդ փաստից դժգոհ լինելով և չունենալով ոչ մի օրինական հիմք, դրա դեմ են բողոքում և փորձել են խնդիրը ներկայացնել այնպես, որ մանկապարտեզում կա ապօրինություն և դրամահավաքի խնդիր:
Եթե իրականում դրամահավաք է եղել, ապա ինչո՞ւ մինչև պայմանագրի ավարտվելը չեն բարձրաձայնել այդ խնդրի մասին: Իրենց հետ պայմանագրերը չվերականգնելը ոչ մի կապ չունի տարածված տեղեկության հետ, ուղղակի իրենք խնդիրը ներկայացրել են այնպես, որ պայքար է ապօրինությունների և դրամահավաքների դեմ, և հասարակությունն էլ ավելի շատ հավատում է այն մարդուն, ով ասում է, որ այստեղ կա դրամահավաք, ոչ թե այն ղեկավարին, ով ասում է՝ մեր մոտ դրամահավաք չկա՝ հայտարարելով, որ մանկապարտեզի աշխատակիցները հեռացվել են այլ հիմքով»: