Քաղաքական 

Պետության շահերից բխող հարցերում բոլոր ուժերը միակարծիք են. Արա Բաբլոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ կազմակերպության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:

Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է ԱՀԱԸ հիմնադրման 100-ամյակի առթիվ և կարևորել հայրենիքում 1988թ. երկրաշարժից ի վեր նրանց ծավալած գործունեությունը:

Ներհայաստանյան իրադարձություններին անդրադառնալով՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ անկախ մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից և մի շարք հարցերում քաղաքական ուժերի ունեցած տարբեր դիրքորոշումներից պետության շահերից բխող հարցերում բոլոր ուժերը միակարծիք են:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Զավեն Խանջյանը նշել է, որ իրենք պատրաստակամ են շարունակելու աջակցությունը Հայաստանին: Հյուրերը կարևորել են սփյուռքահայության ներդրումը մեր երկրի տնտեսության զարգացման հարցում:

Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել այն փաստը, որ իշխանափոխությունը մեր երկրում տեղի ունեցավ անցնցում: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը մասնավորապես ասել է. «Ինձ համար կարևոր է երկրի անվտանգության ապահովումը, ժողովրդավարության հետագա խորացումը, տնտեսության զարգացումն ու ժողովրդի բարեկեցությունը»:

 

Նույն շարքից