Գիտություն Հասարակություն 

Հանրապետության 4 մարզում իրականացվում է համընդհանուր ներառական կրթություն. Արայիկ Հարությունյան

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Աֆշան Խանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանայան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը:

Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ կրթության համակարգում  ՅՈՒՆԻՍԵՖ -ի հետ համագործակցության հաջողված փորձ կա, որի մասին են վկայում տարիներ շարունակ իրականացվող բազմաթիվ ծրագրերը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից մեծ ուշադրություն է դարձնում ներառական կրթության խնդիրներին, որոնք ընդգրկված են կրթության համակարգի առաջնահերթությունների շրջանակում:

Նա նշել է, որ օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ հանրապետության գրեթե բոլոր դպրոցների տնօրենների հետ հանդիպումների հիմնական ուղերձը եղել է այն, որ համընդհանուր ներառումն անհրաժեշտ է հասարակությանը, այլ ոչ թե՝ կրթության առանձնահատուկ կարիք ունեցողներին:

Նախարարի խոսքով, համընդհանուր ներառմանն ուղղված  մեր քայլերի շնորհիվ, մոտ հինգ տարի հետո մեր երկիրը կունենա համակեցության այլ սկզբունքներով ու այլ չափանիշներով առաջնորդվող հասարակություն: Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայում հանրապետության 4 մարզում իրականացվում է համընդհանուր ներառական կրթություն, իսկ եկող տարի նախատեսվում է ևս 2 մարզի և Երևան քաղաքի անցումը ներառման: Միաժամանակ նա շեշտել է, որ համընդհանուր ներառման անցման ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում սոցիալական տարբեր խմբերի` աշակերտների, ծնողների, ուսուցիչների ու դպրոցի տնօրենների միջև:

Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարևորել է համագործակցությունն ինչպես պետական մարմինների, մասնավորապես ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ու միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև:

Աֆշան Խանը ողջունել է Հայաստանի ջանքերը համընդհանուր ներառման անցման ուղղությամբ, միաժամանակ նշելով, որ դպրոցներ կատարած իր այցելությունների ընթացքում արձանագրվել են որոշակի խնդիրներ՝ մասնավորապես այն, որ դպրոցների մի մասում դեռևս բացակայում են շենքային հարմարեցումները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներառման գործընթացում ուսուցիչների վերապատրաստման, ուսուցչի օգնականի գործառույթների, հանրապետությունում մանկապարտեզների ցանցի ընդլայնման հետ կապված մի շարք այլ հարցերի:

Նույն շարքից