Հասարակություն Բարի օր 

Կան շատ լուրջ խնդիրներ, որոնք կարող են կործանել Սևանը. Սիլվա Ադամյան

ՀՀ ԱԺ-ում «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Թռչնասերների կենտրոն» ԲԸ-ը ղեկավար Սիլվա Ադամյանը, դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին,  տեղից հայտարարեց. «Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում: Դուք թույլ չեք տալիս խոսել եւ ստիպված ենք այս կարգով դրա մասին ասել: Դուք ո՞նց կայիք, էդպես էլ մնացել եք ու չեք փոխվել ու չեք փոխվի»:

Analitik.am-ի հետ զրույցում Սիլվա Ադամյանն ասաց, որ ինքն անձնավորված ոչ մեկի հանդեպ հայտարարություն չի արել. «Ես անձնավորված հայտարարություն չեմ արել: Իմ հայտարարությունը վերաբերվում էր բոլոր պատգամավորներին, ովքեր պահանջատեր էին ներկայանում, թե ինչի է Սևանն այս վիճակում: Ուղղակի Խոսրով Հարությունյանն իրեն թույլ տվեց մեր կոլեգաներին շատ կոպիտ ձևով մոտենալ և ասել, թե ինչու ենք իրենց մեղադրում, իսկ ես իրեն հակադարձելով ասացի, որ Սևանն այս վիճակի եք հասցրել դուք  ձեր որոշումներով, և դա վերաբերում էր բոլոր այն պատգամավորներին, ովքեր ժամանակին քվեարկել են ի օգուտ Սևանից ջուր  բաց թողնելուն: Ո՞վ պետք է Սևանն այս վիճակին հասցնելու պատասխանը տա»:

Ադամյանի խոսքերով, Հարությունյանը մոտեցել է իր գործընկերներից մեկին և շանտաժի կարգով ասել, որ իրենք գործ չունեն այս մասով. «Հարությունյանը մոտեցել է իմ գործընկերներից մեկին և քթի տակ՝ շանտաժի կարգով ասել է, որ իրենք ինչ գործ ունեն այս մասով: Հարությունյանի մտահոգությունը որտեղի՞ց է բխում, որ կնոպկա էր սեղմում և ի վնաս Սևանի էր քվեարկում այդ տեղից, կամ վերջին անգամ, որ կանգնեցինք ԱԺ-ի պատերի տակ ու խնդրեցինք, որ չանեն նման բան, քանի որ Սևանի վիճակը շատ վատ է, բայց մեզ չլսեցին, դա՞ է մտահոգությունը: Այսքան ժամանակ ԱԺ պատգամավորներից ոչ մեկ՝ ընդ որում նաև Հարությունյանը, նիստերի ժամանակ ի օգուտ Սևանի ջրբացթողումների որևէ բան չեն ասել: Խնդիրն այն է, որ իրենք պետք է ներողություն խնդրեին և ընդունեին իրենց սխալը, պետք է առաջարկեին, որ բոլորով լուծեինք այս հարցը, իսկ իրենք մեզ ասում են ոնց պետք է այս ամենի տակից դուրս գաք»:

Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում նաև անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի խոսքին, ով ասում էր, որ նախկինում Սևանի խնդիրների հարցով քննարկում է կազմակերպվել, հրավիրվել են բոլոր կազմակերպությունները, անգամ նրանց ներկայացուցիչներն ավելի շատ իրավունք են ստացել, քան պատգամավորները. «Այսքան ժամանակ ոչ մի առաջարկ, որը հնչեցվել է մեր կողմից  Սևանից ջուր բաց թողնելու մասին, չի ընդունվել, նման բան երբևիցե չի եղել: Սա խայտառակություն է»,-ասաց Ադամյանը:

«Ես օբյեկտիվ մարդ եմ, ով տեսնում է սիտուացիան: Բնապահպանության նախարարությունը ժամանակին շատ սխալներ է գործել և, բնականաբար, այդ սխալների համար պետք է իրենք պատասխան տան, որովհետև կոնկրետ Սևանի ջրբացթողումն իրենց մեղքն է: Լիարժեք խայտառակություն է այն, որ մարդիկ իրենց կատարած սխալները փորձում են բարդել ուրիշների վրա»,-մեր հետ զրույցում ավելացրեց Ադամյանը:

Մեր հարցին, թե օրենքի ընդունումից հետո  Սևանից ավելի մեծ խորանարդով ջուր բաց թողնելն ի՞նչ ազդեգություն է ունեցել լճի վրա, Ադամյանը պատասխանեց. «Ջրի մակարդակի իջեցումն ակնհայտ է, ջրիմուռների քանակությունը գնալով շատանում է, և դա լուրջ խնդիր է Սևանի համար, կա նաև ջրի ջերմաստիճանի բարձրացում: Սրանք ամենալուրջ խնդիրներն են, որոնք կարող են կործանել Սևանը: Ջրի ավելորդ քանակով բաց թողումը շատ ավելի վատ անդրադարձավ Սևանի վրա»:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից