Հայաստան Քաղաքական 

Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետը հրաժարական է տվել

17 տարի ծառայել եմ հայոց կենտրոնական բանկին, որից 12-ը որպես իրավաբանական վարչության ղեկավար: Որոշել եմ շարժվել առաջ: Այսօր վերջին աշխատանքային օրս է բանկում: 17 տարիների ընթացքում ունեցել եմ բազմաթիվ հաջողություններ ու ձախողումներ: Անկախ ամեն ինչից սակայն ամեն օր աշխատանքի եմ եկել մեծ ոգևորությամբ: Սիրով եմ ներկայացել աշխատանքի, քանզի Կենտրոնական բանկն այն կառույցն է, որտեղ մարդն անսահման հնարավորություն ունի արարել ու ստեղծագործել, սովորել ու սովորեցնել, բարեփոխել հինը՝ միաժամանակ նաև պահպանելով ավանդույթները:

Մեծ հպարտությամբ եմ ասում, որ անցնող տարիների ընթացքում պատիվ եմ ունեցել աշխատել Կենտրոնական բանկի երկու հրաշալի նախագահների հետ. Tigran Sargsyan-ի ու Արթուր Ջավադյանի, որոնք իսկապես առաջնորդել են կառույցը՝ միաժամանակ հսկայական գիտելիք, ոգևորություն ու հավատ փոխանցելով ինձ ու գործընկերներիս` անկախ տարիքից կամ զբաղեցրած պաշտոնից:

Շնորհակալ եմ պարոնայք:

17 տարիների ընթացքում ձեռք եմ բերել բազում զինակիցներ ու գործըկերներ, առանց որոնց չէի կարող անցնել այս դժվար բայց հաճելի ճանապարհը: Ճանապարհ, որի ամեն մի քայլը հագեցած է եղել հայրենիքը զարգացնելու բարեփոխումներով: Բարեփոխումները չեմ թվարկի այստեղ: Դրանց քանակը չափազանց շատ է այս գրառմամբ պարփակելու համար: Կբավարարվեմ միայն պնդելով, որ այդ բարեփոխումների շնորհիվ Հայաստանն ու հայ ազգը հսկայական քայլերով առաջ են շարժվել: Վստահ եմ ու համոզված, որ Կենտրոնական բանկի հետագա բարեփոխումների ու գործունեության շնորհիվ մենք բոլորս ունենալու ենք ավելի ուժեղ, ավելի զարգացած ու ավելի երջանիկ երկիր ու հանրություն:

Գիտեմ, որ շատերդ կհարցնեք թե արդյո՞ք շարունակելու եմ զբաղեցնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնը: Հայտնում եմ, որ մեծ պատրաստակամությամբ ու կամավոր հիմունքներով կշարունակեմ իրականացնել մեր հայրենիքի ու բանակի համար չափազանց կարևոր այդ առաքելությունը այնքան ժամանակ, որ հիմնադրամի խորհուրդն ու Կենտրոնական բանկը նպատակահարմար կհամարեն: Հիմնադրամը դեռ լիքը անելիք ունի:

Երկուշաբթի օրվանից գործընկերներիս՝ Տիգրան Կարապետյանի, Ալեքսանդր Խաչատուրյանի ու Միսակ Բաբաջանյանի հետ կլծվեմ մասնավոր խորհրդատվական մեր ըկերությունը (TK & Partners) զարգացնելու գործին` այս անգամ արդեն ծառայելով մեր հաճախորդներին ու վստահորդներին:

Հարազատներիցս շատերն ինձ հարցնում են թե արդյո՞ք հիմա լավագուն պահն է մասնավոր բիզնեսում նետվելու համար: Միանշանակ պնդում եմ, որ այո: Հայաստանում բիզնեսն ու տնտեսությունը չզարգանալու ու չհզորանալու տարբերակ չունեն: Ուրեմն առաջ:

Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ  Վարուժան Ավետիքյան

Նույն շարքից