Արցախի «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում գտնվող թանգարանի երկրորդ սրահի ցուցափեղկից անհետացել է մ.թ.ա. առաջին դարով թվագրվող պարթևական արծաթյա մետաղադրամը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանին, որ թանգարանի գործունեության ընթացքում առաջին անգամ է նման դեպք պատահում: «Որևէ գիտակ մարդ նման բան չէր անի: Իհարկե, շատ տհաճ դեպք է, բայց հուսով ենք, որ կբացահայտվի»,-ասել է նա՝ հավելելով, որ իրավապահներն արդեն աշխատանքներ են տանում դեպքը բացահայտելու առնչությամբ:
Պետրոսյանը նշել է, որ պարթևական դրամը հայտնաբերվել է Տիգրանակերտի անտիկ դամբարանադաշտի 2010 թվականի պեղումներից : «Դրամը գտնվում էր շատ ծանր ապակե կափարիչի տակ և ինչ-որ մեկին հաջողվել է այն բարձրացնել ու հանել»,-ասել է Պետրոսյանը:
Դեպքի առթիվ տարվում է նախաքննություն: