Լենա Նազարյանը հաճախ չափն անցնում է: NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հայտարարությունը, որ Խորհրդարանում 31 մանդատ ունեցող ուժը, եթե Երևանի ավագանու ընտրություններում ստանում է 7 տոկոս ձայն, ուրեմն պետք է հետևություն անի և մտածի ոչ թե նոր խորհրդարանում տեղերի, այլ հանրության մասին։
Մելքումյանի խոսքերով, Լենա Նազարյանն այն քաղաքական փորձառությունը չունի, որ ինքն իր վրա վերցնի ու գնահատական տա. «Այստեղ ոչ թե թվաքանակի մեջ է խնդիրը, այլ որակի մասին է խոսքը»։
Մելքումյանը պարզաբանել է, որ ինքը քաղաքի ավագանու ընտրությունը դասական քաղաքական ընտրություն չի համարում։ Նախ՝ մասնակցել է ընտրողների կեսից պակասը՝ 43 տոկոս, բացի այդ, քաղաքապետ ընտրելիս մարդիկ մտածում են ոչ թե քաղաքականություն կերտելու, այլ քաղաքի, վերելակների, աղբահանության, տրանսպորտի մասին։
ԵԼՔ խմբակցության ղեկավարը չի ցանկանում խոսել ԱԺ փոխխոսնակ, Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ Մելքումյանի խոսքերի մասին: Analitik.am-ի հետ զրույցում տիկին Նազարյանը հայտարարեց, որ այս պահին մեկնաբանություններ չի ցանկանում տալ: