Հասարակություն գլխավոր 

Ամերիկյան ներդրողները հետևում են Լիդիանի հետ կապված զարգացումներին. Դեսպան

Հայաստանում ամերիկյան նոր խոշոր ներդրումների մասին խոսելու համար դեռ շատ վաղ է: Ազատության հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Դեսպանի խոսքերով, իրենք ԱՄՆ գործարար համայնքից բազմաթիվ հարցումներ են ստանում Հայաստանում առկա հնարավորությունների վերաբերյալ, սակայն հնարավոր ներդրողները դեռ հետևում են, թե ինչ ընթացք է Հայաստանում ստանալու կոռուպցիայի դեմ մեկնարկած պայքարը. «Նրանք սպասում են տեսնելու՝ արդյո՞ք նոր կառավարությունը հետամուտ է լինելու կոռուպցիայի դեմ ուղղված կոնկրետ քայլեր իրականացնելու հարցում: Արդյո՞ք կոռուպցիոն գործերով քննություններն իրականացվելու են օրենքի և իրավունքի պահանջներին համապատասխան»:

ԱՄՆ-ը դեսպանը հայտնել է, որ ներդրողների համար կարևոր է նաև այն, թե ինչպես է Փաշինյանի գլխավորած կառավարությունը լուծելու տնտեսական ոլորտում առկա խնդրհարույց հարցերը՝ որպես օրինակ հիշատակելով Ամուլսարում ամերիկա-բրիտանական Լիդիան ընկերության կողմից ոսկու հանքավայրի շահագործման խնդիրը. «Ամերիկյան հնարավոր ներդրողները ցանկանում են տեսնել, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում ինչպես ամերիկյան, այնպես էլ տեղական կազմակերպությունների հետ կապված խնդիրներին: Արդյո՞ք նրանք արդարացի վերաբերմունքի են արժանանում, երբ հետաքննվում են նրանց հարկային գործընթացները: Նրանք նաև հետևում են Լիդիանի հետ կապված հարցերին, թե ինչպես է կառավարությունը լուծում նման զգայուն ու վիճելի հարցերը: Արդյո՞ք Լիդիանն արդարացի վերաբերմունքի կարժանանա այդ գործընթացում»:

 

Նույն շարքից