Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «Կամար» բիզնես կենտրոնի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին։ Այն հարցին, թե արդյո՞ք վստահ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը կհետևի ձեռք բերված պայմանավորվածություններին, պատասխանեց․ «Իհարկե, ոչ, վստահ չեմ, բայց խնդիրն այն է, որ նույնիսկ այդ պարագայում ես շատ կարևոր եմ համարում այդ ձեռք բերված պայմանավորվածությունները, կարևոր է ընդհանրապես այդ կոնտակտը, որը մենք պայմանավորվել ենք, հաստատվեր։ Մենք նաև վաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահագող երկրներին պաշտոնապես կտեղեկացնենք այդ մասին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև՝ մշտական կապ հաստատել։ Առայժմ պարզ չի, թե տեխնիկապես ինչպես է դա իրականացվելու, որպեսզի մենք կարողանանք իրավիճակն ավելի օպերատիվ վերահսկել։ Ես կարող եմ ասել, որ մեր զինված ուժերը հարյուր տոկոսով պահում են պայամանավորվածությունը և հույս ունեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը նույնպես կգան պայմանավորվածության լիարժեք դաշտ»։
Հարցին, թե ինչ տպավորություն է թողել Իլհամ Ալիևի հետ հանդիպումը, վարչապետն ասաց, որ դրական տպավորություններ ունի ․«Նորմալ դրական տպավորություն թողեց, նորմալ զրուցել ենք, քաղաքակիրթ զրույց է եղել և կրթված մարդու տպավորություն է թողել»։
Իսկ այն հարցին, թե երբ է նախատեսվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի նախատեսվում․ «Չի նախատեսվում, բայց ինչպես արդեն ասել եմ, պայմանավորվածություն կա, որ մենք կունենանք մշտական կապ և եթե օպերատիվ բան կլինի ասելու, ես առաջարկել եմ, որ այդ կապը լինի այնպիսին, որ, պայմանականորեն ասած, կես ժամվա ընթացքում հնարավոր լինի ինֆորմացիան տեղ հասցնել»։