Հայաստան Քաղաքական Բարի օր 

Ընդամենն աթոռի ախորժակ է առաջացել. Մարալիկի հանրապետական քաղաքապետը հրաժարական չի տալու

Արդեն մի քանի օր է Մարալիկում բողոքի ակցիաներ են ընթանում, ակցիայի կազմակերպիչները պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականաը:

Analitik.am-ի հետ զրույցում Մարալիկի համայնքապետ  Արտակ Գևորգյանն ասաց, որ բողոքի ակցիայի կազմակերպիչների նպատակն իր հրաժարականն ու աթոռի կռիվն է. «Շուրջ մեկ ամիս է, ինչ այստեղ 20-25 հոգու սահմանում բողոքի ակցիաներ են լինում: Իրենց կողմից անձնական խնդիրներ ունեցող մարդիկ են, ովքեր պահանջում են իմ հրաժարականը և հավատացեք՝ այդ ներկայացաուցիչների մեջ կան մարդիկ, ովքեր իրավիճակից օգտվելով փորձում են հավակնել համայնքի ղեկավարի աթոռին, առանց հաշվի առնելու այն փաստը, որ ընտրովի համակարգ է և մենք ամիսներ առաջ անցել ենք խոշորացման ընտրություն, որի արդյունքում ես ստացել եմ բնակչության վստահությունը»:

Գևորգյանի խոսքերով, ամբողջ բնակչությունն իր կողքին է կանգնած. «Իմ համախոհներն ու բնակչության զգալի մասը կողքիս է կանգնած, բայց ես չեմ ցանկանում ազգաբնակչության մեջ ավելորդ լարվածություն ստեղծել: Մարդկանց մեծամասնության պահանջն այն է, որ ես հրաժարական չտամ, քանի որ իրենք իրենց վստահության քվեն ինձ են տվել»:

Գևորգյանի պնդմամբ, բողոքի ակցիայի կազմակերպիչների մոտ առաջացել է աթոռի ախորժակ. «Իրենց մոտ ընդամենն աթոռի ախորժակ է առաջացել և մտածում են, որ կարող են օդում ձուկ որսալու մեխանիզմով հասնել իրենց նպատակին: Այսօր արդեն փակել են համայնքապետարանի մուտքը, բայց մենք փորձում ենք աշխատանքները կազմակերպել այնպես, որ այլ վարչական շենքերի աշխատանքների ընթացքը չտուժի: Այս մասով դիմել ենք տեղի ոստիկանապետին, որ օրենքով սահմանված կարգով ապահովեն համայնքապետարանի բնականոն գործընթացը: Դեռ սպասում ենք իրենց պատասխանին և խնդրել ենք, որ հնարավորինս արագ այս հարցին լուծում տան, որովհետև մենք սպասարկում ենք 24.000 ազգաբնակչություն, և բողոքի ակցիայի կազմակերպիչներն իրավունք չունեն խոչընդոտել մեր աշխատանքը: Ակնկալում ենք պետության աջակցությունը, դիմել ենք նաև պետական մարմիններին, բայց իրենցից ոչ ոք այս հարցով չի աջակցել մեզ, որովհետև իրենց մեջ առաջացել է աթոռի ախորժակը»:

Մեր հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել, եթե բողոքի ակցիաները շարունակական բնույթ կրեն և խոչընդոտեն համայնքապետարանի բնականոն գործունեությանը, Գևորգյանը պատասխանեց. «Միանշանակ հրաժարական չեմ տալու, քանի որ ողջ ազգաբնակչությունը վստահում է և՛ ինձ, և՛ իմ կատարած աշխատանքին: Իսկ համայնքապետարանի աշխատանքը խոչընդոտելու մասով դիմել ենք պետության  համապատասխան գերատեսչություններին, որպեսզի իրենք օրենքով և սահմանդրությամբ ապահովեն մեր լիազորությունները, քանի որ մենք ապահովում ենք պետական ֆունկցիաները, հետևաբար պետության մեջ չի կարող պարալիզվել կամ կանգնած մնալ այդ գործառույթների կազմակերպումը»:

 

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից