Գլխավոր Հարցազրույց Քաղաքականություն 

Երեխա ես՝ մնա մանկապարտեզում, դուրս մի արի․Քաղաքագետը՝ Փաշինյան-Ալիև պայմանավորվածության մասին

analitik.am

Վերջերս Դուշանբեում կայացած  ԱՊՀ երկրների գագաթաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու և մշտական օպերատիվ կապի հաստատման մասին։

Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ, ում կարծիքով նման պայմանավորվածությունները զարմանք են առաջացնում․ «Նման կարգի պայմանավորվածությունները նախ և առաջ առաջացնում են զարմանք, որովհետև այդ կարգի տարբեր պայմանավորվածություններ եղել են։ Բազում անգամ Իլհամ Ալիևն իբր թե պայմանավորվածություններ է ունեցել Հայաստանի իշխանությունների հետ, բայց դա չի խանգարել Իլհամ Ալիևին անցնել ռազմական գործողությունների»։

Այսօր  Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հայկական կողմը պետք է զորքերը դուրս բերի Արցախից, եթե ցանկանում է, որ հրադադարի ռեժիմի խախտում չլինի։ Այս մասով Ս․Շաքարյանցից պարզեցինք՝ արդյո՞ք իրատեսական է այս հայտարարությունից հետո նման պայմանավորվածություն ձեռք բերելը, որին ի պատասխան նա ասաց, որ նման կարգի հայտարարություններ շատ են լսել Ադրբեջանի կողմից․ «1988 թվականից տարբեր կարգի հայտարարություններ ենք լսել Ադրբեջանի կողմից և կարող եմ ասել, որ նրանք երբեք ոչ մի պայմանավորվածություններ չեն կատարել, երբեք ոչ մի կառուցողական առաջարկություն չեն արել, այնպես որ իրատեսական է, թե ոչ իրատեսական, կարող եմ ասել, որ դա ադրբեջանական է։ Այդ պետական միավորն իր ծնված օրվանից լրիվ ուրիշ տարածքի անվանումով է, այսինքն դա սուտ պետություն է՝ սուտ անունով։ Մարդիկ սովոր են սուտ քաղաքականություն վարել, մարդն ի սկզբանե այդ ստերի մեջ խորտակված է։ Ի՞նչ իրատեսական բան կարող է հնչել սուտ պետության կողմից։ Օրինակ՝ իրանական մամուլի արձագանքները, այս պետական միավորի ստեղծման, կերտման օրվանից՝ այնտեղ ոչ մեկ չի թաքցնում, որ դա գողացված, կեղծ անուն է, որ դա իրավունք չունի կոչվել Ադրբեջան, էլ ինչի՞ մասին է խոսքը»։

Քաղաքագետից պարզեցինք նաև, թե ինչ կարծիք ունի այն մասին, որ երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս ասել է, որ հանդիպումը դրական է գնահատում, և որ Ալիևը կրթված մարդու տպավորություն է թողել։ Ըստ Ս․Շաքարյանցի,  մեր վիճակն արդեն անկառավարելի է․ «Մեր վիճակում ոչ մի բան նորմալ չի, մեր վիճակն արդեն անկառավարելի վիճակ է։ Այսօրվա դրությամբ մենք արդեն ի վիճակի չենք երաշխավորել վաղը խաղաղ առավոտ է լինելու, թե ոչ, անընդհատ հրադադարի խախտումներ են լինում։ Երեկ երեկոյան կարդացի, որ մի շաբաթվա մեջ 7 զոհ ունենք ու պրակտիկորեն իրավիճակը պայթյունավտանգ է։

Այդ վիճակում, երբ որ երկրի իշխանություններն, իմանալով բանակցային գործընթացի ողջ պատմությունն, ասում են, որ եթե պատերազմ է լինելու ապա մեղավորը  Ռուսաստանն է լինելու, սա արդեն այն կարգի կրակի հետ են խաղում, որ վաղը մյուս օրը ողջ ազգաբնակչությունը կզգա իր վրա, որովհետև եթե դու գիտես ինչ դերակատարություն ունի կամ ձեռք են բերել վերջերս մյուս աշխարհի ուժերը,  դու իրավունք չունես նման քողարկված մեղադրանքով դիմես շահագրգրված կողմերից մեկին»։

Ըստ քաղաքագետի, անտեսելով իրականությունը հնարավոր չէ ղեկավարել որևէ բանակցային գործընթաց, այդ թվում Արցախի հարցը․ «Անտեսելով իրականությունը հնարավոր չէ ղեկավարել որևէ մի բանակցային գործընթաց, ոչ թե միայն Արցախի կարգավորման հարցի հետ կապված բանակցությունները։ Այդ մարդն ի սկզբանե արդեն իրեն դրսևորում է որպես տվյալ դեպքում ելնելով այն իրականությունից, որ մենք ունենք աչքի առաջ, արդեն ռազմատնտեսական և ռազմաքաղաքական և նույնիսկ զուտ առևտրատնտեսական դաշինք, հասկանում ենք, որ մեր իշխանությունները քաշ չունեն Հայաստանում՝ այդ թվում մեր ողջ բնակչությունը, Իրանի և Ռուսաստանի թշնամիների դիրքերը, դա պետք է պարզ պատկերացնել, որ այսօր քողարկված,  թե ուղղակի մեղադրանքներով խոսում է Իրան և Ռուսաստան դաշինքի վերաբերյալ, նա արդեն հարկադիր դիրքերում է։

Նա ներքաշում է հայ ժողովուրդը և Հայաստանի պետությունը շատ ավելի պայթյունավտանգ, կարելի է ասել,  նույնիսկ կիսաանդունդային վիճակ, որովհետև վաղը մյուս օր բոլոր կարգի այդ հարցերը պետք է լուծում ստանան։ Դու չես կարող ասել՝  կներեք, մեզ խնդրել են կամ ինձանից պահանջել են, դա անլուրջ է, մանկապարտեզ չես եկել։ Եթե այս քայլերով փորձում ես մի բան ասել, քեզ հետ վաղը չէ մյուս օրը ոչ մեկ չի վերաբերվելու, այսպես ասած, որպես   անգիտակից, անմեղսունակ երեխայի, երեխա ես՝ մնա մանկապարտեզում, դուրս մի արի, այսպես ասած մեծերի խաղերին մի մասնակցի»։

Նույն շարքից