Քաղաքականություն 

Հասարակական կարծիքը ղժժում էր Նոյի վրա. Շարմազանովը դեմ է արտահերթ ընտրություններին

analitik.am

Մենք առճակատումներին դեմ ենք, մեր երկրում թշնամիներ ու հակառակորդներ չունենք, բայց մենք մեր երկրում պետք է անենք այնպես, որ իշխանությունների տարանջատումը պահպանվի: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ այսօր փաստացի ԱԺ-ն մնացել է քաղաքական միակ մարմինը, որը կարող է քիչ թե շատ հավասարակշռել Փաշինյանի միանձնյա իշխանությունը:

«Ո՞ւր ենք գնում, դեպի դիկտատուրա՞, թե՝ դեպի Նիկոլ Փաշինյանի պաշտամունք: Ես դեմ եմ դրան և մեկ անգամ չէ, որ նշել եմ: Հանրապետականը միշտ ասել է, որ պատրաստ է քննարկել և ԸՕ-ն, և արտահերթ ընտրությունների հարցը: Սակայն դա չի նշանակում, որ Փաշինյանի ձեռքի շարժումով ԱԺ-ն կլուծարվի: Այս ԱԺ-ն ընտրվել է օրինական ընտրությունների արդյունքում, և այս ԱԺ-ն լեգալ է: Ըստ սահմանադրության օրենսդիր մարմինն ընտրվում է ժամկետով, և մենք ունենք մանդատ մինչև 2022 թվականն աշխատելու: Ասում են, թե ժողովրդի կարծիքը փոխվել է, ի՞նչ է, 6 ամիսը մեկը պետք է ընտրություն անե՞նք: Ժողովուրդը ծափահարել է նաև Հիտլերին, իսկ Ստալինն ունեցել է միանձնյա իշխանություն»,-ասաց Շարմազանովը:

Հարցին, թե բացառում է արդյո՞ք ինքը, որ ԱԺ-ն Սերժ Սարգսյանի օրինակով կնահանջի, փոխխոսնակն ասաց, որ տարբերությունը մեծ է. «Այն ժամանակ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն էին իշխանություն և նրանց ուսերին էր դրված ողջ պատասխանատվությունը: Եթե Աստված չաներ, մեկի քթից արյուն գար, դրա պատասխանատուն մենք էինք, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանն է լինելու»:

Շարմազանովի պնդմամբ, Հայաստանն այսօր շատ ավելի կարևոր խնդիրներ ունի, քան՝ արտահերթ ընտրությունները. «Հայաստանի թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է, Արցախն է: Երեկ ես նաև իմացա, որ Ալիևը մի հրաշք անձնավորություն է (Փաշինյանը հայտարարել էր, որ Ալիևը կիրթ մարդու տպավորություն է թողել): Այն Ալիևը, ով 2016 թվականին ապրիլյան պատերազմ է սկսել, ով հայ զինվորին գլխատած ստահակին հերոսացրեց»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավարի միջև կայանալիք հանդիպմանը, ԱԺ փոխխոսնակը նշել է, որ կլսեն, թե ինչ է ասելու վարչապետը, հետո կուսակցությունում կքննարկեն ու որոշում կլինի:

Շարմազանովը նշեց, որ անձամբ ինքը դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ հիշեցնելով, որ ինքը դեմ է քվեարկել նաև կառավարության ծրագրին, որում կա նաև կետ արտահերթ ընտրությունների մասին:

ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, որ մայիսի 8-ից հետո ՀՀԿ-ն մեծամասնություն չունի խորհրդարանում. «Հերիք է բոչկա գլորեք Հանրապետականի վրա: Մենք ընդդիմություն ենք, փոքրամասնություն ենք և մեր կարծիքը տարբերվում է կառավարության կարծիքից, ինչպես լինում է ընդդիմության դեպքում»:

Ինչ վերաբերում է հասարակական կարծիքին, Շարմազանովը հիշեցրեց Նոյ Նահապետի օրինակի մասին. «Երբ Նոյն իր տպանը կառուցում էր, հասարակական կարծիքը ղժժում էր Նոյի վրա, բայց հետո տեսանք՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ»:

Նույն շարքից