Մենք կողմ ենք արտահայտվել արտահերթ, բայց ոչ անհապաղ խորհրդարանական ընտրություններին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ռուստամյանի խոսքերով, ժամկետների հետ կապված իրենք ունեն հստակ պատկերացում՝ կան անհրաժեշտ քայլեր, որոնք անելու համար պետք է բավարար ժամկետ տրամադրել. «Այդ անհրաժեշտ քայլերի մասին խոսել ենք, եթե պետք լինի նորից կասենք: Ճիշտ կլինի ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնության գալը»:
ՀՅԴ-ականի պնդմամբ, եթե առաջ քաշվի մինչև տարվա վերջ ընտրություններ կազմակերպելը, նշանակում է, որ ԸՕ-ն նորմալ չի ընդունվի, լուծման կարիք ունեցող խնդիրները լուծում չեն ստանա. «Օրինակ մենք ասել ենք, որ ոստիկանությունը պետք է ենթարկվի կառավարությանը: Բոլոր հարցերի մասին խոսել ենք: Հասարակությանը, քաղաքական ուժերին պետք է ժամանակ տրվի ընտրություններին պատրաստվելու համար: Պետք է ոչ թե ժամանակ ֆիքսել, այլ՝ քայլերը, որոնք պետք է արվեն, ինչից հետո էլ պարզ կլինեն ընտրությունների ժամկետները»: