Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայտարարել էր, որ Հայաստան վերադառնալուց հետո բանակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններն արագացնելու համար: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Փաշինյանը հանդիպելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ քննարկել են այն, ինչ պայմանավորվել էին: Հարցին, թե ինչ արդյունքներ գրանցվեցին, վարչապետ Փաշինյանը նշեց, որ սա առաջին շփումն էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով, մտքեր են փոխանակվել, պայմանավորվել են, որ բանակցային գործընթաց պետք է շարունակվի, իսկ այս հանդիպման ընթացքում որոշումներ չեն կայացվել:
Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ՝ 2-3 ամսում, իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ի դիրքորոշմանը, ապա այն պետք է հայտնեն հենց իրենք:
Վարչապետ Փաշինյանն արձագանքեց նաև այն կարծիքներին, որ հիմա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում ԱԺ-ում կլինի նույն պատկերը, ինչ Երևանի ավագանիում՝ հայտարարելով, որ նման բան չի կարող լինել, քանի որ խորհրդարանի առնվազն 1/3-ը, այսինքն՝ առնվազն 31 պատգամավոր, պետք է լինի ընդդիմություն, այսինքն՝ ինչ արդյունք էլ գրանցվի ընտրություններում, ընդդիմության ներկայացվածությունը ավելի պակաս չի լինի, քան՝ այսօր, դրա փոխարեն կառավարությունը կունենա մեծամասնություն խորհրդարանում, ինչը թույլ կտա լիարժեք գործել, զբաղվել երկրի օրակարգային հարցերը լուծելով: Բացի դրանից, վարչապետի խոսքերով, այսօրվա խորհրդարանի փոխարեն կլինի լեգիտիմ խորհրդարան, լեգիտիմ մեծամասնություն և փոքրամասնություն:
Փաշինյանը հիշեցրեց, որ գործող օրենքներով ընդդիմությունը փոխնախագահի պաշտոն է ունենալու խորհրդարանում: Բացի դրանից, նրանք պատրաստ են ընդլայնել ընդդիմության իրավունքները և հանձնաժողովների նախագահների պաշտոններ տրամադրել:
Վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ այս պահին ՀՀԿ-ի համաձայնությունը չկա, նրանք հրապարակայնորեն էլ հայտարարում են, որ 2022-ն պետք է լինեն ընտրությունները, ինչը ոչ կառուցողական դիրքորոշում է, քանի որ այսօր ՀՀ քաղաքացիների համար թիվ մեկ օրակարգային հարցը խորհրդարանական ընտրություններն են, մինչ այդ հարցը չլուծվի, մյուս հարցերը չեն լուծվի, ժողովուրդը շունչը պահած սպասում է դրան:
Փաշինյանը հայտարարեց, որ հանդիպումներ են լինելու մյուս բոլոր խորհրդարանական, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերի հետ, սակայն դեռ պարզ չէ, թե ում հետ է լինելու հաջորդ հանդիպումը, իսկ արտախորհրդարանական ուժերի մասով պետք է ֆորմատը հասկանալ, քանի որ դրանց թիվը մեծ է:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ տարբերակներ են հիմա քննարկվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, Փաշինյանը հայտնեց երկու տարբերակի մասին, որոնցից մեկն այն է, որ սահմանադրական փոփոխություններ ընդունվեն, մյուսը նա է, որ այսինչ օրը վարչապետը հրաժարական է տալիս, քաղաքական ուժերը երկու անգամ թեկնածու չեն առաջադրում, տեղի են ունենում ընտրություններ: Երկու տարբերակն էլ, վարչապետի խոսքերով, առավեություն և ռիսկեր ունեն: