Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ԱԳՆ աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյան, խոսելով այն մասին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Ֆրանկոֆոնիայի միջոցառման շրջանակներում հրաժեշտի միջոցառում կազմակերպվի ի հիշատակ Շառլ Ազնավուրի, հայտարարեց, որ Հանրապետության հրապարակում կազմակերպված գալա համերգը բաղկացած է լինելու երեք մասից և ավարտական մասը նվիրված է լինելու հենց Շառլ Ազնավուրին:
Մելիքյանը նշեց, որ այդ մասը պետք է լիներ Ազնավուրի և նրա նվագախմբի անմիջական մասնակցությամբ, սակայն դա այլևս հնարավոր չէ: Ամեն դեպքում այդ մասը պահպանվելու է և այն ավելի մեծ շեշտադրումներով է նվիրված լինելու մեծ շանսոնյեյին: Մելիքյանը հայտնեց, որ ուղիղ կապի մեջ են Ելիսեյան պալատի հետ, կան որոշակի առաջարկներ, որոնք քննարկման և աշխատանքային փուլում են գտնվում: Չի բացառվում, որ կլինեն աշխարհահռչակ աստղեր, որոնք կցանկանան իրենց մասնակցությունն ունենալ:
Ինչ վերաբերում է մյուս մասին, ապա երկրորդ մասում ելույթ կունենան աշխարհահռչակ երգչուհիներ, այդ թվում նաև Զազը:
Շառլ Ազնավուրին նվիրված մասը որոշակի փոփոխությունների է ենթարկվելու, ինչը բնական է. «Շառլի բացակայությունը որևէ կերպ չպետք է զգացվի»,-ասաց Մելիքյանի:
Հավելենք, որ համերգը բաց է լինելու: