Հայաստան Քաղաքական 

Լենա Նազարյանը որոշ պատգամավորների մեղադրեց ամբարտավանության մեջ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խորհրդարանում հայտարարությունների ժամին ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտարարեց, որ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի և Ծառուկյանի դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախաձեռնությամբ խորհրդարան բերված օրենսդրական նախաձեռնությունը, որը փոփոխություն է առաջարկում ԱԺ կանոնակարգ օրենքում, հատուկ նպատակ ունի:

Նազարյանը հիշեցրեց, որ գործող կարգով, եթե վարչապետը հրաժարական է տալիս և երկու անգամ վարչապետ չի ընտրվում, խորհրդարանը արձակվում է: Հիմա գործող կարգով չի խոսվում այն մասին, թե ինչ հիմքով նիստը չի կայացել:

«Այսօր մեզ հրամցվում է մի նախագիծ, որով որոշակի հիմքերի դեպքում վարչապետ չընտրվելու նիստը համարվելու է չկայացած: Ասում են, եթե արտակարգ իրավիճակ լինի, կամ սպառնալիքի միջոցով խոչընդոտեն պատգամավորների մասնակցությունը նիստին, ԱԺ Նախագահը կարող է նիստը համարել չկայացած: Սա արվում է նրա համար, որ եթե վարչապետի հրաժարականի դեպքում քաղաքացիները հավաքվեն ԱԺ-ի մոտ և թույլ չտան պատգամավորներին մասնակցել նոր վարչապետ ընտրելու նիստին, այդ նիստը չհամարվի չկայացած, քանի որ երկու անգամ վարչապետ չընտրվելու դեպքում ԱԺ-ն կլուծարվի իրավունքի ուժով»:

Նազարյանը ափսոսանք հայտնեց, որ խորհրդարանի ներուժն օգտագործվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները ձախողելու և հակահեղափոխական օրակարգ ձևավորելու վրա. «Այլ բովանդակային գործառույթ ԱԺ-ն չի իրականացնում: Արտահերթ ընտրություններ տեղի չունեցան մայիսին, որպեսզի քաղաքական ուժերը վերանայեն իրենց քաղաքական գիծը և հանրային աջակցություն ձեռք բերեն: Փոխարենը կուտակված ամբարտավությունը, հանդգնությունը, մեծամտությունը ոմանց թույլ չի տալիս խոհեմություն դրսևորել, կամ գոնե լռել և չհակադարձել քաղաքացիների կամքին: Նման վարքագիծը կարելի է բնորոշել որպես մանդատից կառչելու փորձ»:

 

Նույն շարքից