Հայաստան Քաղաքական 

Աշոտյանը Փաշինյանին խնդրում է իշխանությունը պահելու խաթր Հայաստանին չներքաշել մեր երկրին չվերաբերող խաղերի մեջ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խորհրդարանում հայտարարությունների ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը նշեց, որ բոլորը հետաքրքրությամբ են հետևել այն հաղորդագրությանը, որ Փաշինյանն Ալիևի հետ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերել. «Սրտանց ուզում եմ հավատալ, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, որովհետև, եթե անգամ մեկ կյանքը փրկվի, արժե այդ պայմանավորվածությանը գնալ»:

Ամեն դեպքում Աշոտյանը նշեց, որ ունի մտահոգություններ, որոնցով ցանկանում է դիմել վարչապետ Փաշինյանին. «Վարչապետին խնդրում եմ չկորցնել զգոնությունը: Ուզում եմ վերահաստատել, որ Ադրբեջանին ՀԱՊԿ թողնել չի կարելի, որ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորածությունները ուժի մեջ են և պետք է կյանքի կոչվեն և այն, որ առանց Արցախի ժողովրդի որոշման հակամարտությունը չի կարգավորվելու»:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքերով, պետք չէ շատ տարվել այն հանգամանքով, որ Ալիևը բարեկիրթ է, կիրթ միգուցե նաև շնորհքով է. «Նա օրենքի տառը կարող է չպահպանել և շնորհքով ներխուժել Արցախ: Այդ դեպքում կարող ենք ունենալ ոչ թե Նիկոլ Փաշինյանի լայվերը, այլ բոլորովին այլ կադրեր դիտելու հնարավորություն»:

Աշոտյանը վարչապետին խնդրեց իշխանությունը պահպանելու խաթր Հայաստանին չներքաշել մեր երկրին չվերաբերող աշխարհաքաղաքական խաղերի մեջ:

Հանրապետական պատգամավորը նաև Փաշինյանին խնդրեց Ալիևից ճշտել մեր երկու գերիների՝ Կարեն Ղազարյանի և Զավեն Կարապետյանի ճակատագրերը. «Մենք կարծես թե մոռացել ենք նրանց մասին, որոնց վերագրում են ռազմական որոշակի հանցագործություններ: Ես վարչապետից կսպասեմ հավելյալ տեղեկություններ նրանց մասին»:

Նույն շարքից