Այսօրվա ամբողջ ինտրիգի մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Աժ-ում հայտարարությունների ժամին ասաց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ Փաշինյանը Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում մի գլուխկոտրուկ առաջ քաշեց այն հայտարարություններով, որ ԱԺ-ում կան պատգամավորներ, ովքեր կուլիսային հանդիպումներ են ունենում ՀՀԿ-ի հետ, փորձում են սեփական հարցերը լուծել. «Սրանով նա կասկածի մեջ գցեց իր գործընկերներին նաև: Իսկ երկրորդ հայտարարությունն այն է, որ ինքը 4 հավատարիմ մարդ է ունեցել վարչապետի պաշտոնին հավակնելիս, որոնցից մեկը հենց ինքն է եղել: Հիմա իրենց խմբակցության պատգամավորները մեկը մյուսին հերթ չեն տալիս՝ փորձելով ցույց տալ, որ իրենք այդ 3-ի մեջ են՝ մոռանալով, թե ով է ում հետ կուլիսային հանդիպումներ ունեցել, ով է ում խելքի գցել, թե ինչպես կարելի է տապալել վարչապետի նախաձեռնությունները: Հիմա եկել եք կուլիսային հանդիպումներում ուրիշ բան եք խոսում, հրապարակային՝ այլ բան ասում մեզ վարկաբեկելու, պարոն Մարուքյան: Մեզ հնարավոր չէ վարկաբեկել այդ մեթոդներով»:
Պետրոսյանն ապա դիմեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին. «Դուք հայտարարում եք, որ ԱԺ կանոնակարգ սահմանդրական օրենքին լրջորեն չեք ծանոթացել: Հարգելի գործընկեր, եթե Դուք լրջորեն չեք ծանոթացել, ի՞նչ իրավունք ունեք այդ իրավական ակտում կատարվող փոփոխությունների և լրացումների մասին կարծիք հայտնել՝ այն էլ քաղաքական մեղադրանքներ հնչեցնել»:
Պետրոսյանի խոսքերով, որքան էլ տևի գործող ԱԺ-ի կյանքը, պատգամավորները պարտավոր են անել այնպես, որ աշխատանքներն անխափան ընթանան: