«Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում հեմոդիալիզի տրամադրման խնդիրները լուծվել են. դրանց պատճառով սեպտեմբերի 3-ից կենտրոնի հեմոդիալիզային բաժանմունքը չէր գործում:
Առողջապահության նախարարությունն անմիջապես արձագանքել էր Արմավիրի մարզպետի գրությանը` ստեղծված իրավիճակի ու անհապաղ բուժօգնության կազմակերպման անհրաժեշտության մասին, և նախարարի հրամանով 04.09.2018թ.-ից ապահովվել է 19 հիվանդների շարունակական բուժումը` այն ժամանակավորապես կազմակերպելով Երեւանի «Աստղիկ», «Էրեբունի» եւ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում:
Իսկ Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենի գրավոր տեղեկատվության համաձայն` հեմոդիալիզի ջրի հետադարձ օսմոսի սարքը վերանորոգվել է անհատ բարերարի օգնությամբ, և 01.10.2018թ.-ից բաժանմունքն աշխատում է բնականոն ռիթմով:
Նշված ԲԿ-ում հեմոդիալիզային ծառայություն է իրականացվում 2011թ.-ի մարտից: Կենտրոնում տեղադրված է հեմոդիալիզի 4 սարք, որոնք սպասարկում են 19 հիվանդի` 2-3 հերթափոխով: 03.09.2018թ. սեպտեմբերի 3-ից խափանվել էր հեմոդիալիզի ջրի հետադարձ օսմոսի սարքը, որի պատճառով հնարավոր չէր իրականացնել հեմոդիալիզ: