Քիչ առաջ Ազգային ժողովն արտահերթ նիստի ընթացքում ավելի քան 60 կողմ ձայնով ընդունեց ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:
Փոփոխությունները վերաբերում են ՀՀ ԱԺ հերթական, հատուկ, կամ արտահերթ նիստերի բնականոն գործունեության ապահովմանը: Փոփոխությունը վերաբերում է այն դեպքերին, երբ խոչընդոտվում է ԱԺ նիստի իրավազորության ապահովումը, որպեսզի խորհրդարանն սկսի իր աշխատանքը, կամ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը նիստին: Առաջարկվում է այս դեպքերում ԱԺ նիստը համարել ընդհատված, այլ ոչ թե չկայացած:
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը կոչ էր արել հրաժարվել նախագծից և քաղաքացիներին հրավիրել էր խորհրդարանի մոտ: Այս պահին Ազգային ժողովի մոտ մարդաշատ է: Օրենքի նախագծին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն, Ծառուկյան խմբակցությունը և ՀՅԴ-ն:
Հավելենք, որ քվեարկությունը տեղի ունեցավ ձեռքով, քանի որ ԵԼՔ-ի պատգամավորները հավաքել էին քարտերը:
Ազգային ժողովի մոտ է նաև վարչապետը: