Այսօր՝ Բաղրամյան փողոցում հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցած քվեարկության վերաբերյալ, ասաց, որ շատ վատ ժամանակ է ընտրվել․ «Ամեն դեպքում, ինչ էլ, որ արվել է, շատ վատ ժամանակ է ընտրվել, որովհետև առջևում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն է։ Չէր կարելի այսպիսի բան անել, սա արդեն պետության դեմ է։ Հիմա պետք է փորձել խնդիրը լուծել այնպես, որ վարչապետի ասած գործընթացները տեղի ունենան Ֆրանկոֆոնիայից և Շառլ Ազնավուրի հուղարկավարությունից հետո, որից հետո իրենք իրենց ճանապարհով, մենք՝ մեր ճանապարհով»։
Ըստ Սարգսյանի, վարչապետն արդեն հայտնել է իր տեսակետը և հենց այդ սխեմայով պետք է առաջ գնալ․ «Քվեարկել են՝ լավ են արել, այդ քվեարկությունից հետո վարչապետն իր տեսակետն ասաց և այդ սխեմայով պետք է գնալ, ուղղակի ես կարծում եմ, որ այդ սխեման պետք է աշխատի Ֆրանկոֆոնիայից հետո, այսինքն՝ այսօր պետք է այդ երեք խմբակցության հետ լեզու գտնվի,պետք է ասել՝ ընկերներ, այն, ինչ-որ կա, քաղաքական լուծման խնդիր ունի և քաղաքական լուծումն այսպիսինն է։ Եվ դրանից հետո աշխատանքից ազատված նախարարների տեղը նշանակվում են նոր նախարարներ, որից հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս և այդ սխեմայով գնում ենք առաջ»։