Հոկտեմբերի 2-ին խորհրդարանում բանակցությունների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրազեկել է, որ հրաժարական է տալու, որից հետո 14 օրվա ընթացքում խորհրդարանը չի ընտրի նոր վարչապետ, ինչից հետո ԱԺ-ն կլուծարվի և տեղի կունենա նոր ընտրություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանի խոսքերով, մյուս խմբակցությունների ներկայացուցիչներն ասել են, որ համաձայն են խորհրդարանի լուծարմանը, սակայն՝ մայիսին:
Հանդիպման ժամանակ վարչապետը նաև հայտնել է, որ պատրաստ են ընդունել ԸՕ-ն, որ պատրաստ է: Սակայն կոնսենսուս չի եղել և վարչապետը դուրս է եկել:
Մարուքյանը հույս հայտնեց, որ վարչապետի և խմբակցությունների միջև շփումները կշարունակվեն:
ԵԼՔ խմբակցության պատգամավորն ասաց, որ անուններ չի տալիս, սակայն երեկվա հանդիման ընթացքում եղել են պատգամավորներ, որոնք հաստատել են, որ թեկնածուներ չեն առաջադրելու՝ միևնույն ժամանակ տարակուսանք հայտնելով, թե ինչու չի կարելի սպասել մինչև մայիս:
Մարուքյանը նշեց, որ նոր ԸՕ-ն չի ընդունվել, և եթե ընտրությունները հիմա լինեն, դրանք լինելու են փաստորեն գործող օրենսգրքով: Նա նշեց, որ ռեյտինգային ընտրակարգն անպայման պետք է հանվի, որովհետև այն օգտագործվել է օլիգարխների կողմից: Իսկ հիմա, երբ հայտարարվել է բիզնեսի և քաղաքականության տարանջատման մասին, չի լինի այն իրավիճակը, որը կար. «Հիմա անգամ եթե նման առաջադրումներ լինեն, այդ մեխանիզմն այլևս չի աշխատի: Ամեն դեպքում հիմա կա պատրաստի ԸՕ, որտեղ երկու տարբերակ կա՝ 100 տոկոս համամասնական և 100 տոկոս համամասնական՝ բաց ռեյտինգային ցուցակով: Երկուսին էլ և վարչապետն է կողմ եղել, և մենք: Հիմա այն կընդունվի, թե՝ ոչ, չգիտեմ»: