Ըստ ամենայնի, կեսօրից հետո Հանրապետականի խմբակցությունը հայտարարություն կտարածի և գնահատական կտա երեկվա իրադարձություններին, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Աշոտյանը նշեց, որ գիշերը եղել է հանդիպում, ոչ թե բանակցություններ, քանի որ վարչապետն ուղղակի գնացել է իրազեկելու իր որոշումների մասին:
ՀՀԿ խմբակցության պատգամավորը հանդիպման բովանդակության մասին շատ մանրամասնել չցանկացավ՝ նշելով, որ տարածվելիք հայտարարության մեջ ամեն ինչ կասվի. «Ես կայուն տպավորություն ունեմ, եթե չասեմ, որ տեղեկացված եմ, որ հրաժարական տալու և դեկտեմբերին ընտրությունների գնալու որոշումները եղել են ծրագրված: Դրա մասին վարչապետը խոսեց մինչև երեկվա օրենքի ընդունումը՝ Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո: Տպավորություն կա, որ երեկվա օրինագծի ընդունումն ընդամենը պատրվագ էր արագացնելու համար սեփական քաղաքական ծրագրերը»: