Գիշերվա հայտնի հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տարբեր հարցերի շուրջ քննարկումներ են եղել, սակայն որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ փոխխասնակ Միքայել Մելքումյանը:
Մելքումյանը նշեց, որ պայմանվորվածություն կարող է լինել այն դեպքում, երբ պաշտոնապես քննարկում լինի. «Պայմանավորվել ենք, որ շփումները շարունակենք»:
«Մենք մեր տեսակետին ենք մնում: Խոսքը վերաբերում է նրան, ինչ պայմանավորվել ենք կառավարության ծրագրի ձևակերպման ժամանակ, որ ընտրությունները պետք է լինեն մինչև մայիս-հունիս»,-ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ ժամկետները պատահական չեն, իսկ հիմնավորումն այն է, որ պետք է լինի նոր Ընտրական օրենսգիրք, որը դեռ չկա. «Պետք է նաև որոշ ժամանակ, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը՝ ոչ միայն խորհրդարանական, հավասար պայմաններ ունեն նոր խաղի կանոններով արտահերթ ընտրությունների պատրաստվելու համար: Նաև պետք է լինի որոշակի քաղաքական կոնսենսուս»:
Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածու առաջադրելուն, Մելքումյանն ասաց, որ իրենք այդ հարցը չեն քննարկել, որոշում չկա: