Հայաստան Քաղաքական 

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե մենք էլ մեր համակիրներին բերենք. Գալուստ Սահակյան

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, հայտարարեց, որ քաղաքական ուժերը պետք է ժամանակ ունենան դրանց պատրաստվելու համար:

Սահակյանը նշեց, որ անձամբ ինքը ցանկանում է ընտրությունները լինեն 2022 թվականին, սակայն եթե կողմ են քվեարկել կառավարության ծրագրին, որն արտահերթ ընտրություններ է ենթադրում 1 տարվա ընթացքում, պետք է այդպես արվի:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, որ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին, Սահակյանը նշեց, որ ինքը գնում է իր ճանապարհով. «Շատ եք խոսում Փաշինյանի մասին, ամբողջ կառավարության մեջ միայն Փաշինյանն է, մեկ հոգով պետություն չես ստեղծի»:

ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ Հայաստանում խորհրդարանական կառավարում է, կառավարությունը կարող է արտահայտեց իր տեսակետը, սակայն խորհրդարանն էլ իրավունք ունի հայտնելու իր տեսակետը:

Հարցին, թե իրավիճակի հանգուցալուծումն ինչպես է ինքը տեսնում, Սահակյանը հայտարարեց, որ պետության ճանապարհը որոշում են քաղաքական կուսակցությունները. «Անհրաժեշտ է, որ քաղաքական կուսակցությունները բանակցեն մեկը մյուսի հետ և ճիշտ որոշում կայացնեն: Պետության ծրագրերը կառուցում են քաղաքական կուսակցություները»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու առաջադրելու հարցին, Սահակյանը նշեց, որ նման հարց դեռ չի քննարկվել:

Սահակյանը խոսեց նաև Ազգային ժողովի լուծարումը պահանջող քաղաքացիների մասին՝ հայտարարելով, որ ինքը ժողովրդի պահանջով է խորհրդարանում, իսկ հավաքված քաղաքացիներն ամբողջ ժողովուրդը չեն, այլ ժողովրդի մի մասն են, և չի նշանակում քաղաքական ուժերը պետք է մի մասի ասելով առաջ շարժվեն. «Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե մենք էլ մեր համակիրներին բերենք: Հավաքվածներն ընդամենը 30 տոկոս մարդիկ ունեն, բայց կա 70 տոկոս»:

Նույն շարքից