ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկվա ԱԺ արտահերթ նիստին չի մասնակցել քաղաքում չլինելու պատճառով:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ տեսակետ ինքն ունի ընդունված վիճահարույց նախագծի մասով, Կոստանյանը նշել է՝ սկզբունքային՝ հավելելով, որ նման տեսակետ ունի բոլոր հարցերում:
ՀՀԿ-ական պատգամավորը համաձայն չէ, որ նիստը հապճեպ է եղել: Նրա խոսքերով օրենսդրական գործընթացն իրականացվում է օրենքի սահմաններում:
Հիշեցնենք, որ հենց այդ նիստի ընթացքում ընդունվեց օրենսդրական փոփոխությունը, որը վերաբերում է ՀՀ ԱԺ հերթական, հատուկ, կամ արտահերթ նիստերի բնականոն գործունեության ապահովմանը: Փոփոխությունը վերաբերում է այն դեպքերին, երբ խոչընդոտվում է ԱԺ նիստի իրավազորության ապահովումը, որպեսզի խորհրդարանը սկսի իր աշխատանքը, կամ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը նիստին: Առաջարկվում է այս դեպքերում ԱԺ նիստը համարել ընդհատված, այլ ոչ թե չկայացած:
Հենց այս նախագծի պատճառով վարչապետ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց հավաքվել ԱԺ-ի մոտ: