Չի կարելի ճնշումներով և սպառնալիքներով միջամտել Ազգային ժողովի աշխատանքներին: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ սրանով Սահմանադրությունը բռնաբարվում է. «Թող որևէ մեկի մոտ տպավորություն չլինի, թե Շարմազանովը պաշտոնի կամ մանդատի կռիվ է անում: Ես այս պաշտոնում բացի իմ ազգին ծառայելուց, այլ բան չեմ արել: Եթե պետք լինի, հատիկ-հատիկ կասեմ, թե ինչ եմ արել: Իմ արածի կեսը նրանք անեն, կասեմ` ապրեք:
Քանի երկրում Ցեղասպանություն եմ ընդունել տվել, քանի երկրում ժխտողականության մասին օրենք եմ ընդունել տվել, քանի երկրի պատվիրակներ են քվեարկել Արցախի համար, քանի պատգմավոր եմ բերել Արցախ, ապրիլյան պատերազմին ինչ եմ արել, քանի պատգմավոր եմ դրսից բերել ու տարել առաջին գիծ, քանիսն են նրանք բերել: Ոչ ձեռքերս արյունոտ են, ոչ գրպանումս ուրիշի փող կա, ոչ մեկից փող եմ գողացել, ոչ էլ մանդատն ինձ լիազորություններ է տվել: Սա մանդատի կռիվ չէ: Հասկանալի է, որ իմ ասածը լսելի չէ շատերի համար: Բայց ես սա անում եմ, որ վաղը չասեք՝ բա լավ, մի սթափ մտածող մարդ չկա՞ր, որ ասեր՝ Ազգային ժողովի հետ չի կարելի այդպես վարվել, այն անկախ մարմին է»:
Շարմազանովը նշեց, որ բանվորություն էլ է արել, ամեն ինչին իր քրտինքով է հասել, ոչ մեկի տունը չի թալանել, 6 տեղ դաս է տվել ու իր ընտանիքը պահել ու եթե իրենից նեղանան, պետք է նեղանա հենց ընտանիքը, որին ժամանակ չի տրամադրել:
ԱԺ փոխխոսնակը հայտնեց, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների ժամկետների մասով ի սկզբանե նշել է մայիս-հունիս ամիսների մասին. «Խոսքն այն մասին է, որ նա ուղիղ եթեր է մտել ու ասել, որ ընտրություններն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան մայիսի վերջին կամ հունիսի սկզբներին: Բոլորն էլ լսել են»:
Շարմազանովի խոսքերով, պետք է նախ ընտրական օրենսգիրքն ընդունել, կուսակցությունների մասին օրենքն ընդունել, Վենետիկյան հանձնաժողով է պետք ուղարկել. «Մի հատ վարչապետին հարցրեք, թե ինչո՞ւ չի ցանկանում սպասել մինչև մայիս-հունիս»:
ԱԺ խոսնակի համար անհասկանալի է, թե ինչու վարչապետ Փաշինյանն այս տարի մայիսին չհրաժարվեց վարչապետությունից, ինչից հետո արտահերթ ընտրություններ կլինեին: