Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին:
Analitik.am-ի հետ զրույցում մարզպետն ասաց, որ հրաժարական է տվել, որովհետև ՀՅԴ-ն հայտարարել է, որ դուրս է գալիս կառավարությունից. «Միակ պատճառն այն է, որ ՀՅԴ-ն դուրս է գալիս կառավարությունից: Նպատակներ շատ ունեմ, բայց այս պահին կա քաղաքական որոշում, որ դաշնակցությունը լքում է կառավարությունը: Ես դաշնակցական եմ, հետևաբար արդեն դիմում եմ գրել և դուրս եմ գալիս»:
Սաղաթելյանն ասաց նաև, որ ընդհանրապես տարբերակներ չի քննարկել և հրաժարականի որոշումը հաստատ է. «Եթե անգամ ինձ որևէ մեկը ուրիշ տարբերակ առաջարկի, որ ես շարունակեմ մնալ, իմ համար դա վիրավորական կլինի: Կա քաղաքական որոշում և ես քաղաքականության անդամ եմ, հետևաբար այդ հարցը փակված է»:
«Ինձ այդ պաշտոնին կուսակցությունն է առաջադրել, հիմա էլ կուսակցությունն ասում է, որ դուրս գամ և ես դուրս եմ գալիս, սա քաղաքական որոշում է: Իսկ հետագայում շարունակելու եմ ապրել այնպես, ինչպես ապրում էի 4 ամիս առաջ, ամեն ինչ նույնն է, ոչինչ չի փոխվել»,-նշեց Սաղաթելյանը: